Ալվարո Մորատան «Բարսելոնայի» կենտրոնական հարձակվողի պարտականություններն ստանձնելու թիվ մեկ թեկնածուն է Չավիի համար ընթացիկ մրցաշրջանում՝ գրում է AS-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Յուվենտուսում» վարձավճարով հանդես եկող 29-ամյա իսպանացին, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», մոտ է վարձավճարով «Բարսելոնա» տեղափոխությանը:
Չավին անձամբ է առաջին քայլը կատարել՝ զանգելով Մորատային: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչն իսպանացուն ասել է, որ նրան համարում է աշխարհի լավագույն հարձակվողներից՝ հաշվի առնելով նրա փորձը, աշխատասիրությունն ու բազմակողմանիությունը:
Մորատան իր հերթին, ըստ աղբյուրի, Չավիին ասել է, որ դժգոհ է թուրինյան ակումբում ու պատրաստ է համալրել «կապտանռնագույնների» շարքերը:
Հիշեցնենք, որ Ալվարո Մորատան Մադրիդի «Ռեալի» սան է: Հիմնական թիմի կազմում ֆուտբոլիստն իր նորամուտը նշել է 2013 թվականին: «Ռեալում», «Յուվենտուսում», Մադրիդի «Ատլետիկոյում» խաղալուց բացի, Մորատան ելույթ է ունեցել նաև Լոնդոնի «Չելսիում»: