Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքրված են Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու փոխչեմպիոն կատալոնական «Բարսելոնան», հաղորդում է իսպանական Sport-ը:
Հաղորդվում է նաև, որ 19-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտ է Լոնդոնի «Չելսին», որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեխնիկական պատճառներով չէր կարողացել իրականացնել Զախարյանի տեղափոխությունը:
«Ռեալի» ներկայացուցիչը ռուսական «Спорт-экспресс»-ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլում հայտնված տեղեկությունը:
«Ակումբը սովորաբար նման տեղեկություն չի հրապարակում: Բայց մենք ոչինչ չգիտենք Զախարյանի նկատմամբ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին»,- նշել է «Արքայական ակումբի» ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Զախարյանը 2017 թվականից «Դինամոյի» համակարգում է: Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 8 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:


