Լոնդոնը սպասում է ակումբային ֆուտբոլի գլխավոր իրադարձությանը: Չեմպիոնների լիգայի պատմության ամենատիտղոսակիր ակումբն «Ուեմբլիում» 15-րդ տրիումֆի ճանապարհին հանդիպելու է Դորտմունդի «Բորուսիային»:
Թիմերը տարբեր ճանապարհներով հասան Լոնդոն: Կառլո Անչելոտիի անսամբլը համեմատաբար ավելի բարդ մրցակիցների անցավ, բայց սա չի նշանակում, որ պետք է թերագնահատենք Էդին Թերզիչի և «Բորուսիայի» աշխատանքը: Բավական է հիշել, թե ինչ խմբում էր հայտնվել գերմանական ակումբը:
Չեմպիոնների լիգան Մադրիդի «Ռեալի» մրցաշարն է, բայց հեռավոր 1997-ին Դորտմունդի «Բորուսիան» գրեթե նման իրավիճակում կարողացավ սենսացիա գործել և գահընկեց արեց Եվրոպայի այն ժամանակվա տիրակալ Թուրինի «Յուվենտուսին»:
Մադրիդյան գրանդն ընթացիկ մրցաշրջանում ավելի հզոր տեսք ունի: Թիմի գլխավոր առավելություններից մեկը ներդաշնակությունն է: Տղաները թրծված են, նրանք անգամ վատ դասավորվող խաղերում չեն կորցնում հանգստությունը: Անչելոտին գիտի, թե ինչ է նշանակում սպասել: Կառլոն այս արշավանքի ժամանակ անգամ պրագմատիկ խաղով զարմացրեց:

Դորտմունդը նույնպես առավելություն ունի: Թերզիչը և տղաները ֆավորիտ չեն, հետևաբար, իրենց ուսերին չեն զգում ծանրությունը:
Նախորդ տարի այս ժամանակահատվածում Թերզիչը ձեռքից բաց թողեց գերմանական արտադրության արծաթե սկուտեղը, այժմ ավարն ավելի թանկարժեք է, մրցակիցն էլ՝ մադրիդյան արքան:

Հետաքրքիր է, որ լոնդոնյան եզրափակիչը կարապի վերջին պար է դառնալու երկու գերմանացիների համար: Կրոսն ավելի տիտղոսակիր է, Ռոյսի մարզական բախտը չդասավորվեց, սա արդեն վերջին փորձն է:
Ֆավորիտնը «Ռեալն» է, բայց ամեն ինչ որոշվում է խաղադաշտում:
Չեմպիոնների լիգայի գլխավոր երեկոն Fast Sports-ի ուղիղ եթերում կլինի հունիսի 1-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Ուշագրավ փաստեր խաղից առաջ
- «Բորուսիան» փլեյ-օֆֆում հաղթահարել է ՊՍՎ-ի, «Աթլետիկոյի» ու ՊՍԺ-ի արգելքը
- «Ռեալը» փլեյ-օֆֆում հաղթահարել է «Լայպցիգի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Բավարիայի» արգելքը
- «Բորուսիան» ՉԼ այս մրցաշրջանում կրել է 2 պարտություն
- «Ռեալը» ՉԼ այս մրցաշրջանում անպարտելի է
- Առաջին անգամ է, որ «Ռեալն» առանց պարտության հասել է ՉԼ եզրափակիչ
- ՉԼ-ում «Բորուսիայի» նախորդ եզրափակիչը նույնպես տեղի է ունեցել «Ուեմբլիում»
- «Բորուսիան» պատմության մեջ երրորդ անգամ կմասնակցի մրցաշարի եզրափակիչին
- «Ռեալը» պատմության մեջ 18-րդ անգամ կխաղա մրցաշարի եզրափակիչում
- «Բորուսիան» ՉԼ հաղթող է դարձել մեկ անգամ
- «Ռեալը» ՉԼ-ում հաղթել է ռեկորդային 14 անգամ
- ՉԼ նախորդ 4 եզրափակիչներում արձանագրվել է մեկական գոլ
- «Բորուսիան» նախորդ 10 խաղում կրել է 2 պարտություն
- «Ռեալը» նախորդ 10 խաղում տարել է 7 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի
- «Ռեալը» մրցաշարի եզրափակիչում վերջին անգամ պարտվել է 1981 թվականին
- Իսպանական ու գերմանական թիմերի միջև սա մրցաշարի պատմության մեջ 5-րդ եզրափակիչն է
- «Բորուսիան» 8-րդ անգամ կմասնակցի ՈՒԵՖԱ-ի մրցաշարի եզրափակիչին
- «Ռեալը» 34-րդ անգամ կմասնակցի ՈՒԵՖԱ-ի մրցաշարի եզրափակիչին
- «Բորուսիայի» ու «Ռեալի» միջև 14 խաղերից 6-ը հաղթել է իսպանական, 3-ը՝ գերմանական ակումբը
- Իսպանական թիմերի դեմ խաղերում «Բորուսիայի» ցուցանիշները՝ 12 հաղթանակ, 12 ոչ-ոքի, 14 պարտություն
- Գերմանական թիմերի դեմ խաղերում «Ռեալի» ցուցանիշները՝ 41 հաղթանակ, 16 ոչ-ոքի, 24 պարտություն
- Հարի Քեյնն ու Կիլիան Մբապեն 8-ական գոլով ՉԼ այս մրցաշրջանի գլխավոր ռմբարկուներն են
- Մարսել Զաբիտցերն ու Վինիսիուսը ՉԼ այս մրցաշրջանում առաջատար են գոլային փոխանցումների քանակով (5-ական)
- 2017թ. «Ռեալը» դարձավ առաջին թիմը, որը պաշտպանեց Չեմպիոնների լիգայի տիտղոսը
- «Ռեալը» միակ թիմն է, որ 3 տարի անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգան
- Ջուդ Բելինգեմը 2020-2023թթ. խաղացել է «Բորուսիայում» և հենց այնտեղից է տեղափոխվել «Ռեալ»
- Մայիսի 4-ին «Ռեալը» 36-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն
- «Ռեալն» այս մրցաշրջանի 54 խաղում կրել է ընդամենը երկու պարտություն
- «Բետիսի» դեմ խաղը վերջինն էր Տոնի Կրոսի համար «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում
- ՉԼ եզրափակիչը Տոնի Կրոսի վերջին խաղն է ակումբային կարիերայում
- «Ռեալը» նախորդ 23 խաղերից 12-ում անառիկ է պահել դարպասը
- Ջուդ Բելինգեմը մայիսի 28-ին ճանաչվել է Լա լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ


