Լա լիգան դեռևս չի գրանցել Մոսկվայի «Դինամոյից» իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխված Արսեն Զախարյանի տրանսֆերը, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Չնայած նրան, որ Սան Սեբաստյանը ներկայացնող ակումբն օգոստոսի 21-ին Լա լիգային ուղարկել է գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այնուամենայնիվ 20-ամյա Զախարյանի անունը բացակայում է գրանցված տրանսֆերների ցանկից:
Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը կապ է հաստատել իսպանական ակումբի հետ՝ ճշտելու տեղեկությունը: Ակումբից հայտնել են, որ անում են հնարավորը, որպեսզի Արսենը կարողանա մասնակցել «Լաս Պալմասի» դեմ Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի խաղին, որը կկայանա օգոստոսի 25-ին:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադն» Արսեն Զախարյանի տրանսֆերը հաստատել է օգոստոսի 19-ին: Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 12 միլիոն եվրո (հավելավճարները չհաշված):


