Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը։
«Փոխեցին քվեարկության համակարգը՝ 5 ֆուտբոլիստի փոխարեն ընտրում են 10-ի։ Բացի այդ, միավորների թիվը 6-ից դարձավ 15:
Տարօրինակ է, որ Հնդկաստանի նման բազմամիլիոն բնակչություն ունեցող երկրի լրագրողները չեն քվեարկում, իսկ մեկ միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրներից քվեարկում են։ Առանց Նամիբիայի, Ուգանդայի, Ալբանիայի և Ֆինլանդիայի քվեարկության, Վինիսիուսը կնվաճեր «Ոսկե գնդակը»: Մարդիկ, որոնց ոչ ոք չգիտի, քվեարկում են: Ի թիվս այլ բաների, այս երկրները Վինիսիուսին ոչ մի ձայն չեն տվել (ծիծաղում է): Գոնե Ֆինլանդիայի ժյուրին հրաժարական տվեց, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակը» նվաճել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին:
Իսպանացին քվեարկությամբ վաստակել էր 1170 միավոր, նրան հաջորդած Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Իսպանիայի Լա լիգայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը զիջել է 41 միավոր:
«Արքայական ակումբը» բոյկոտել էր Փարիզի Շատլե թատրոնում կայացած մրցանակաբաշխությունը: