Մադրիդի «Ռեալը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Դորտմունդի «Բորուսիային» 2-0 հաշվով հաղթելուց և 15-րդ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց զատ, նաև ռեկորդներ է սահմանել:
«Արքայական ակումբը» պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի խաղարկությունն ավարտեց առանց պարտության, տարավ 10 հաղթանակ և գրանցեց 3 ոչ-ոքի:
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը խփել է 28 գոլ, բաց թողել 15-ը: Ընդհանուր առմամբ՝ «Ռեալն» ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերում երկու պարտություն ունեցավ, երկուսն էլ՝ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղերում, մեկը՝ Լա լիգայում, մյուսը՝ Իսպանիայի Արքայական գավաթում:
«Ռեալը» նախորդ անգամ մրցաշրջանը երկու պարտությամբ ավարտել էր 1932 թվականին, այդ ժամանակ իսպանական գրանդն անցկացրել էր 30 հանդիպում, ավարտված մրցաշրջանում՝ 55:
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես ռեկորդ է սահմանել: Նրա օրոք «Ռեալը» 7 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Պերեսն այս ցուցանիշով լավագույնն է ֆուտբոլային ակումբների նախագահների մեջ:
Անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն էլ դարձավ մինչև 21 տարեկան առաջին ֆուտբոլիստը, որը 32 անգամ մեկնարկից է խաղադաշտ դուրս եկել գլխավոր եվրագավաթի մրցավեճերում:
Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է «Ռեալի» լեգենդար իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը, նա 31 անգամ էր մեկնարկից խաղացել:
Գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսն էլ 29 տարվա մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, որն ակումբային կարիերան ավարտեց Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակով, եզրափակիչում էլ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկից։ Նման ցուցանիշ 1995 թվականին գրանցել էր նաև Ֆրանկ Ռայկարդը:
Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և իսպանացի պաշտպան Դանի Կարվախալի համար էլ սա նվաճած 26-րդ տիտղոսն էր մադրիդյան ակումբի հետ: Նրանք գերազանցեցին «Արքայական ակումբի» նախկին խաղացողներ, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի և բրազիլացի պաշտպան Մարսելոյի ռեկորդը, այս ֆուտբոլիստները «Ռեալի» հետ նվաճել էին 25-ական տիտղոս:


