Ֆրանսիական «Լիլի» պաշտպան Լենի Յորոն, Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ու Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ալֆոնսո Դևիսը Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակներն են, գրում է As-ը։
18-ամյա Յորոյի տրանսֆերային պայքարում ֆավորիտը «Արքայական ակումբն» է, որն այդ հարցում առաջ է անցել «Պարի Սեն-Ժերմենից», Լոնդոնի «Չելսիից» ու «Բավարիայից»։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է ֆրանսիացի ֆուտբոլիստից բաժանվել 60 միլիոն եվրոյով։
Ալֆոնսո Դևիսի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին, կողմերը դրա երկարաձգման շուրջ չեն կարողանում համաձայնության հասնել։ Մյունխենյան ակումբը վերջնագիր է ներկայացրել կանադացի ֆուտբոլիստին։ Նա պետք է որոշի կա՛մ մնում է «Բավարիայում», կա՛մ ամառային տրանսֆերային պատուհանին հեռանում է ակումբից։ 23-ամյա աջ պաշտպանն անձնական պայմանագրի հարցում արդեն սկզբունքային համաձայնություն ունի մադրիդյան ակումբի հետ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Կիլիան Մբապեն որոշել է 2023/24 մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ ՊՍԺ-ից։ Նա, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալի» կազմում։ 25-ամյա ֆուտբոլիստը վերջերս հայտարարեց, որ բոլորն իր ապագայի մասին իմանալու են մինչև Եվրո-2024-ի մեկնարկը, որը նախատեսված է հունիսի 14-ին։


