«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը հրաժարվել է տեղափոխվել իտալական «Միլան»՝ հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Միլանը» պայմանավորվել է ֆրանսիական ակումբի հետ պորտուգալացու տրանսֆերային իրավունքները 25 միլիոն եվրոյով ձեռք բերելու շուրջ, սակայն անձամբ Սանշեշը մերժել է իտալական գրանդին։ «Ռոսոներիները» նախատեսում էին փոխարինել կիսապաշտպան Ֆրանկ Կեսիին, որը մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով:
Սանշեշը ֆրանսիական ակումբ է տեղափոխվել 2019 թվականին Մյունխենի «Բավարիայից» 20 միլիոն եվրոյով: Այս մրցաշրջանում ֆրանսիական Լիգա 1-ի 14 խաղում կիսապաշտպանը դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև 4 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում և 2 հանդիպում՝ Ֆրանսիայի գավաթում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:
Հավելենք՝ Սանշեշի՝ «Լիլի» հետ պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականին։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: