Ռոբերտ Արզումանյանը կնշանակվի Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է ինսայդեր, Vivaro Media հեռուստաընկության մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը։
Առաջիկայում Հայաստանի կրկնակի փոխչեմպիոնը կհայտարարի 37-ամյա մասնագետի նշանակման մասին։ «Նոան» դիտարկում էր մեկ արտասահմանցի և երեք հայ մասնագետների թեկնածություն, սակայն վերջնական ընտրությունը կանգ է առել Արզումանյանի վրա։
Ռոբերտ Արզումանյանի նախորդ աշխատավայրն էր «Ուրարտուն», որի գլխավոր մարզիչի պաշտոնից նա հեռացել էր այս ամռանը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2021 թվականի մարտից էր գլխավորում երևանյան ակումբը, որը նրա գլխավորությամբ անցկացրել է 53 հանդիպում, դարձել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր, իսկ նախորդ մրցաշրջանում հասել էր VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ։ Մարզչական կարիերայի ընթացքում Արզումանյանն աշխատել է նաև «Փյունիկի» մարզչական շտաբում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Արամ Հակոբյանը, որն այս ամռանը փոխարինել էր մոլդովացի մասնագետ Իգոր Պիկուշչակին։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային 4 տուրերից հետո «Նոան» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում թիմն օգոստոսի 29-ին կհյուրընկալվի չեմպիոն «Փյունիկին»։


