Իտալիայի դատարանը դիմել է Բրազիլիայի կառավարությանը և խնդրել Մադրիդի «Ռեալի» ու «Միլանի» նախկին հարձակվող Ռոբինյոյին ազատազրկել, հայտնում է UOL-ը:
Նախկին ֆուտբոլիստն Իտալիայի բարձրագույն դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման խմբակային բռնաբարության համար:
Միլանի դատախազությունը բրազիլացու ձերբակալության համար միջազգային հետախուզում է հայտարարել: Բրազիլիայի արդարադատության նախարարությունը Ռոբինյոյի հարցով ստացել է Իտալիայի հայցը, սակայն հարավամերիկյան երկրի սահմանադրությունն արգելում է իր քաղաքացիների հանձնումն այլ երկրների օրինապահ մարմիններին:
Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտնել էր, որ ստացել է Ռոբինյոյին բրազիլական բանտում ազատազրկելու Իտալիայի առաջարկը:
Դատական փորձագետների խոսքով՝ Բրազիլիայի օրինապահ մարմինները պետք է պաշտոնապես քննեն հայցը և միայն դրանից հետո կայացնեն որոշում: Այդ գործընթացը կարող է տևել տարիներ:


