Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է ակումբի մարզավիճակի մասին։
«Երբ որոշակի դիրքերում բացակայող ֆուտբոլիստներ կան, թիմը դա զգում է։ Մենք նման իրավիճակում էինք նաև նախորդ մրցաշրջանում, երբ Կևին դե Բրույնեն կամ այլ ֆուտբոլիստներ երկար ժամանակով բացակայում էին խաղադաշտից։
Նման պահերին թիմը պետք է միասնական լինի։ Դժվար ժամանակներ են, բայց սպորտի յուրաքանչյուր ոլորտում այսպես լինում է։ Լավ է, որ մրցաշրջանը երկար է։ Դա կարող է փոխել իրավիճակը։ Չեմ կարծում, որ այս իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում շատ նշանակալից կլինի։
Մրցաշրջանի ընթացքում հաճախ են լինում անկումներ և վերելքներ։ Կարևոր է պահպանել հասունություն և հանգստություն։ Ակնհայտ է, որ չի կարելի թուլանալ և մտածել, թե ամեն ինչ կհարթվի մեկ ժամում։ Ֆուտբոլում այդպես չի լինում։ Ամեն ինչ պետք է փոխվի քայլ առ քայլ։
Վստահաբար` «Մանչեսթեր Սիթին» ծայրահեղ վիճակում է։ Շատ խաղեր պետք է ձգտել հաղթել»,- «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքը մեջբերում է As-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում նախորդ 14 խաղերում միայն 2 հաղթանակ է տարել, գրանցել 3 ոչ-ոքի, կրել 9 պարտություն։ Մանկունյական ակումբն Անգլիայի ընթացիկ առաջնությունում 19 խաղում 31 միավոր է վաստակել և 6-րդ տեղում է։


