Մայիսի 26-ին մեկնարկեց թենիսի Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունը` «Ռոլան գարոսը»։
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասն (Իսպանիա) առաջին փուլում Ջեֆրի Ջոն Վոլֆին (ԱՄՆ, 107-րդ ռակետ) զիջեց ընդամենը չորս գեյմ և հաղթեց 6-1, 6-2, 6-1 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ 53 րոպե։ Ալկարասի հաջորդ մրցակիցը Յեսպեր դե Յոնգն (Նիդերլանդներ, 177-րդ ռակետ) է։
Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 6-րդ ռակետ) նույնպես դուրս է եկել երկրորդ փուլ, որը չորս սեթում` 6-2, 6(3)-7, 6-3, 7-5 հաշվով հաղթեց ճապոնացի Տարո Դենիելին (81-րդ ռակետ)։ Ռուս թենիսիստը երկրորդ փուլում մրցելու է Պեդրո Մարտինես Պորտերոյի (Իսպանիա, 49-րդ ռակետ) դեմ։
Երկրորդ փուլում է նաև Հուբերտ Հուրկաչը (Լեհաստան, 8-րդ ռակետ), որը լուրջ դիմադրության հանդիպեց ճապոնացի Շինտարո Մոչիզուկիի (163-րդ ռակետ) դեմ մրցախաղում և 3 ժամ 1 րոպում հաղթեց 4-6, 6-3, 3-6, 6-0, 6-3 հաշվով։ Լեհ թենիսիստը երկրորդ փուլում կհանդիպի Բրենդոն Նակասիմային (ԱՄՆ, 68-րդ ռակետ)։
Հաղթանակով մեկնարկեց նաև 10-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովը։ Բուլղարացի թենիսիստը 6-4, 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ Ալեքսանդր Կովաչևիչի (ԱՄՆ, 88-րդ ռակետ) նկատմամբ։ Հաջորդ փուլում Դիմիտրովը կփորձի հաղթահարել հունգարացի Ֆաբիան Մարոժանի (41-րդ ռակետ) արգելքը։
Մրցումային առաջին օրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի հաղթող Ստեն Վավրինկայի (Շվեյցարիա, 97-րդ ռակետ) և աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյի (Մեծ Բրիտանիա, 75-րդ ռակետ) միջև մրցախաղը։ 39-ամյա շվեյցարացին շանս չտվեց մրցակցին, հաղթեց 6-4, 6-4, 6-2 հաշվով և հաջորդ փուլում կմրցի Քեմերոն Նորի (Մեծ Բրիտանիա, 33-րդ ռակետ) - Պավել Կոտով (Ռուսաստան, 57-րդ ռակետ) զույգի ուժեղագույնի դեմ։