Ջենարո Գատուզոն կնշանակվի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Միլանի», «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչը վերջնական համաձայնության է հասել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և կստանձնի իր հայրենի երկրի ազգային հավաքականի ղեկը: Նշանակման վերաբերյալ պաշտոնական հաստատում կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում:
47-ամյա Գատուզոյի համար գլխավոր մարզչի պաշտոնում առաջին ակումբը եղել է իտալական «Պալերմոն», որը նա գլխավորել է 2013 թվականին, այս պահին վերջին ակումբը՝ «Հայդուկը», որտեղից հեռացել է 2025 թվականի ամռանը:
Ջենարո Գատուզոն «Միլանի» լեգենդ է, հիմնական թիմում ելույթ է ունեցել 1999-2012 թվականներին: Գատուզոն Իտալիայի հավաքականում նորամուտը նշել է 2000 թվականին: Նա ազգային թիմի մարզաշապիկով անցկացրել է 73 խաղ: