Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Ռոնալդինյոն կմասնակցի իսպանական Մեդիալիգայի հանդիպման, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:
42-ամյա բրազիլացին կխաղա «Պորսինյոս» ակումբի կազմում՝ մասնակցելով «Պիոյի» դեմ 8-րդ տուրի խաղին: «Պորսինյոս» ակումբը պատկանում է կիբերսպորտի մեկնաբան Իբայ Լյանոսին:
Այդ թիմի կազմում հանդիպմանը կմասնակցեն նաև «Լոս Անջելես Գելաքսիի» մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսը (Չիչարիտո) և կատալոնական «Էսպանյոլի» լեգենդ Ռաուլ Տամուդոն:
Հիշեցնենք, որ Մեդիալիգան կոչվում է Թագավորների լիգա: Այն ստեղծել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն: Հանդիպումներին թիմերը մասնակցում են 7-ական ֆուտբոլիստներով:
Ռոնալդինյոն ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2018 թվականի հունվարին։


