Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստը:
«Ես ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն եմ»,- 38-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal Arab-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, Պորտուգալիայի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն: Պորտուգալացին նաև ազգային հավաքականների մակարդակում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության գլխավոր ռմբարկուն ու պատմության մեծագույն ակումբներից մեկի՝ Մադրիդի «Ռեալի» պատմության գլխավոր ռմբարկուն (438 խաղ, 450 գոլ):
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 9 գոլ ու կատարել երկու գոլային փոխանցում:
Կարիերայի ընթացքում Կրիշտիանուն ելույթ է ունեցել նաև Լիսաբոնի «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ու իտալական «Յուվենտուսում»: «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով Ռոնալդուն անցկացրել է 346 խաղ, խփել 145 գոլ ու կատարել 64 գոլային փոխանցում, «Յուվենտուսի» կազմում 134 խաղում խփել է 101 գոլ ու կատարել 22 ասիստ: