Հզոր կազմ ունեցող «Եվրոպական բրազիլացիները», մեծ մրցաշարում նորամուտը նշող Վրաստանը, ամուր Չեխիան ու Թուրքիայի հավաքականը հավաքվել են Եվրոպայի առաջնության նույն խմբում։ Փլեյ-օֆֆի համար պայքարը թեժ է լինելու։
FastNews-ը շարունակում է ներկայացնել Եվրո-2024-ի մասնակից հավաքականներին: Հերթը վերջին` F խմբի թիմերինն է։
Պորտուգալիա
Եվրո-2016-ն ինչ-որ հրաշքով հաղթելուց հետո Պորտուգալիայի հավաքականը աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում միայն ձախողվում է: ԱԱ-2018-ից սկսած «Սելեսաուի» կազմը միշտ ավելի ուժեղ է եղել, քան Եվրոպայի չեմպիոն դարձած թիմինը: Վերջին տարիներին Պորտուգալիայի հավաքականին բախտը չի ժպտում այնքան, որքան Եվրո-2016-ի ժամանակ էր: Մունդիալ-2022-ում էլ Ֆեռնանդու Սանտուշի կայացրած որոշումն առաջին հայացքից նոր ճանապարհ բացեց «Սելեսաուի» համար, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, դա միայն փակուղի էր, որտեղ «Եվրոպական բրազիլացիները» հայտնվեցին Սանտուշի ռիսկային որոշման պատճառով: Աշխարհի առաջնությունում սենսացիոն կերպով Մարոկկոյի հավաքականին պարտվելուց հետո Սանտուշը հեռացվեց: Պորտուգալական նավի նոր նավապետը դարձավ Ռոբերտո Մարտինեսը, որն արդեն հաջողության հասնելու առաջին ու կարևոր քայլը կատարել է. թիմում նախանձելի մթնոլորտ է տիրում:
Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2024-ը հաղթելու գլխավոր ֆավորիտներից է: «Սելեսաուն» ընտրական փուլում ոչ մի խնդրի չբախվեց, հաղթեց բոլոր հանդիպումները, բաց թողեց ընդամենը 2 գոլ ու առանց ավելորդ ինտրիգների որակավորվեց Եվրոպայի առաջնությանը: Ռոբերտո Մարտինեսի հետ Պորտուգալիայի հավաքականն ավելի վառ ֆուտբոլ է ցուցադրում, քան Ֆեռնանդու Սանտուշի ժամանակահատվածում: Ռոբերտո Մարտինեսը Պորտուգալիայի թիմին տակտիկապես ճկուն է դարձրել ու մինչև հիմա պարզ չէ՝ որն է լինելու «Եվրոպական բրազիլացիների» խաղային հիմնական սխեման Եվրոյի ընթացքում: Մարտինեսի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը խաղացել է և՛ 3 կենտրոնայան պաշտպանով, և՛ 4 պաշտպանով: Իսպանացի մասնագետը մի շարք փորձարկումներ է կատարել ու արդեն ապացուցել է, որ իր թիմը կարող է լավ գործել տարբեր դասավորություններով:
Պորտուգալացիների գլխավոր զենքերից է լինելու «ֆուտբոլային ծերության» դեմ հավերժական կռվի դուրս եկած Կրիշտիանու Ռոնալդուն, որը ռեկորդային 6-րդ անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի համար սա վերջին Եվրոն է լինելու և այն կարող է հիշվել ընդմիշտ, եթե Կրիշտիանուն հատի 900 գոլի սահմանագիծն ու Պորտուգալիայի հավաքականին օգնի հասնել մեծ նպատակին։ 39-ամյա գոլահարը հրաշալի մարզավիճակում է ու Գերմանիա է մեկնել նոր բարձունքներ նվաճելու հետևից:
Պորտուգալիայի հավաքականը յուրաքանչյուր դիրքում ունի առնվազն 2 բարձրակարգ ֆուտբոլիստ և Ռոբերտո Մարտինեսի ընտրությունը շատ լայն է: Իսպանացին Բելգիայի «Ոսկե սերունդի» հետ տիտղոս նվաճել չկարողացավ, սակայն թոփ թիմում աշխատելու ևս մեկ հնարավորություն ստացավ: Եվրոյում ձախողումը Ռոբերտո Մարտինեսին կարող են չներել:
Չեխիա
Եվրո-2020-ում Չեխիայի հավաքականն ընդգրկված էր բավական բարդ խմբում, բայց կարողացավ վաստակել 4 միավոր ու 3-րդ տեղով նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Եվրոպայի նախորդ առաջնության խմբային փուլի գլխավոր զարդն էլ դարձավ Պատրիկ Շիկի շլացուցիչ գոլը Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում: Չեխիայի հավաքականը նախորդ Եվրոյի «թաքնված վտանգներից» էր: Չեխերը հասան քառորդ եզրափակիչ՝ ճանապարհից հեռացնելով բավական ուժեղ Նիդերլանդների հավաքականին: Չեխիայի թիմն այս տարի էլ ամուր կազմ ունի ու կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել մրցակիցներին:
Իվան Հաշեկի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական փուլում հրաշալի տպավարություն թողեց, վաստակեց 15 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Ալբանիայի հավաքականին՝ խմբից դուրս գալով երկրորդ տեղով: Չեխիայի հավաքականը հիանալի ֆուբտոլ է ցուցադրել նաև ընտրական փուլից հետո կայացած ընկերական հանդիպումներում: Չեխերն անցկացրել են 4 խաղ ու տարել են նույնքան հաղթանակ: Այդ խաղերից մեկում մրցակիցը Հայաստանի հավաքականն էր, որը Պրահայում պարտվեց 1-2 հաշվով։
Իվան Հաշեկն իր տրամադրության տակ ունի բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիսնտներ ու յուրաքանչյուր խաղում էլ կարող է տարբեր վերադասավորումներ կատարել: Չեխ մասնագետը մեծ ընտրություն ունի հատկապես հարձակման գծում: Եվրոպայի առաջնությունում կան սպասելիքներ Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա ֆուտբոլիստ Ադամ Հլոժեկից, որը Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում 23 խաղում խփել է 2 գոլ, կատարել է 3 արդյունավետ փոխանցում: Երիտասարդ հարձակվողին թիմի գլխավոր մարզիչը կարող է օգտագործել տարբեր դիրքերում: Նա կարող է գործել որպես կենտրոնական հարձակվող, ենթահարձակվող, ձախ եզրային: Եվրոյի ընտրական փուլում Չեխիայի թիմը բաց թողեց ընդամենը 6 գնդակ և մրցակիցներին տխրեցեց 15 անգամ: Չեխերի առանցքային ֆուտբոլիստներից են նաև Պատրիկ Շիկը, Վլադիմիր Ցոուֆալը, Թոմաշ Սոուչեկը, Անտոնին Բարակն ու Յան Կուխտան:
Հաշեկի թիմը կարող է տարբեր ոճերով հանդես գալ՝ պայմանավորված մրցակցով: Նայելով հավաքականի կազմին՝ կարելի է ենթադրել, որ չեխերը մինչև վերջ կռիվ են տալու փլեյ-օֆֆում հայտնվելու համար:
Թուրքիա
Այս խմբում է նաև Վինչենցո Մոնտելայի գլխավորած Թուրքիայի հավաքականը, որն անակնկալ մատուցեց՝ ընտրական փուլն ավարտելով առաջին տեղում: Որակավորման փուլում Թուրքիայի թիմը D խմբում էր, որտեղ վաստակեց 17 միավոր և առաջ անցավ խմբում հաղթելու գլխավոր ֆավորիտ Խորվաթիայի հավաքականից: Թուրքերը նաև երկու բարդ հանդիպում ունեցան Հայաստանի հավաքականի հետ։
Ամեն դեպքում, թուրքերը լավ մարզավիճակում չեն մոտենում կարևոր ստուգատեսին: Ըտրական փուլի ավարտից հետո Մոնտելայի թիմն անցկացրել է 4 ընկերական հանդիպում ու կրել է 3 պարտություն: Թուրքիայի հավաքականը վերջին խաղերում անհրապույր ֆուտբոլ է ցուցադրել, սակայն կան ուժեղ ֆուտբոլիստներ, որոնք կարող են թիմին օգնել հաղթահարել առնվազն խմբային փուլի արգելքը:
Թուրքիայի հավաքականը նախորդ անգամ Եվրոպայի առաջնությունում շոշափելի հաջողության հասել է 2008 թվականին: Թիմն այդ տարի շատ լավ անցկացրեց խմբային փուլը, քառորդ եզրափակիչում հաղթեց Խորվաթիայի հավաքականին, իսկ կիսաեզրափակիչում էլ մինչև վերջ պայքարեց Գերմանիայի հետ, սակայն հանդիպման վերջին րոպեին գոլ բաց թողեց ու պարտվեց 2-3 հաշվով: Թուրքիայի հավաքականը Եվրոպայի նախորդ 2 առաջնություններում չի հաղթահարել խմբային փուլի արգելքը:
Վրաստան
Ընտրական փուլը ձախողած, բայց զարտուղի ճանապարհով Եվրոպայի առաջնություն ներխուժած հավաքականներից է Վրաստանը, որը պատմության մեջ առաջին անգամ որակավրովել է խոշոր մրցաշարի: Վրաստանի հավաքականն ընտրական փուլում A խմբում էր, որտեղ տարավ ընդամենը 2 հաղթանակ՝ 2 անգամ էլ առավելության հասնելով Կիպրոսի նկատմամբ: Իսպանիայի, Նորվեգիայի և Շոտլանդիայի հավաքականներին Վիլի Սանյոլի թիմը գրեթե չկարողացավ պայքար առաջարկել, սակայն Ազգերի լիգայի ճանապարհով հասավ եզրափակիչ փուլ: Վրացիներն անցումային հանդիպումներում հաղթահարեցին Լյուքսեմբուրգի ու Հունաստանի հավաքականների արգելքը և հասան պատմական հաջողության:
Սանյոլի թիմը, որքան էլ զարմանալի է, մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը միայն 1 ընկերական հանդիպում անցկացրեց ու 3-1 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի հավաքականին: Եվրո-2024-ում միանշանակ ուշադրության կենտրոնում է լինելու իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան, որը համարվում է Վրաստանի հավաքականի առաջատարը: Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում Կվարացխելիան 34 խաղում խփեց 11 գոլ ու կատարեց 6 արդյունավետ փոխանցում:
Վրաստանի հավաքականի կազմում Եվրո-2024-ում առանցքային դեր կարող է ունենալ նաև Ժորժ Միկաուտաձեն, որը փայլուն մարզավիճակում է: Ֆրանսիայի Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում Միկաուտաձեն 14 գոլ խփեց և կատարեց 4 ասիստ: «Մեցը» չկարողացավ պահպանել տեղը Ֆրանսիայի վերնախավային առաջնությունում, բայց Միկատուաձեն, ամենայն հավանականությամբ, կմնա Լիգա 1-ում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:
Վրացիներից Եվրոյում լուրջ սպասելիքներ չկան, բայց այս հավաքականի ուղղությամբ չկան նաև լրացուցիչ հայացքներ, ինչն էլ կարող է դրական ազդեցություն ունենալ թիմի խաղի վրա:
Եվրո-2024-ի F խմբի խաղացանկը
Առաջին տուր
Թուրքիա - Վրաստան՝ հունիսի 18
Պորտուգալիա - Չեխիա՝ հունիսի 18
Երկրորդ տուր
Վրաստան - Չեխիա՝ հունիսի 22
Թուրքիա - Պորտուգալիա՝ հունիսի 22
Երրորդ տուր
Չեխիա - Թուրքիա՝ հունիսի 26
Վրաստան - Պորտուգալիա՝ հունիսի 26
Եվրո-2024. Հյուրընկալող երկիրն ու սենսացիաների պատրաստ հավաքականներն A խմբում
Եվրո-2024. B խմբի լարային քառյակի համերգային ծրագիրը
Եվրո-2024. Գլխավոր ֆավորիտն ու C խմբի մյուս թիմերը
Եվրո-2024. Բոլորը Մբապեի ու Ֆրանսիայի դեմ են մի խմբում, որտեղ թույլ թիմեր չկան
Եվրո-2024. Տասնամյակի կիսապաշտպանի թիմը, «չեղած տեղից» գոլ խփողները և Պետրակովի նախկին թիմը