Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և պորտուգալական «Պորտուի» պաշտպան Պեպեն պատմական ռեկորդի հեղինակ են դարձել Եվրոպայի առաջնություններում։
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պեպեն, Եվրո-2024-ի առաջին տուրի խաղում ընդգրկվելով Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում, դարձավ Եվրոպայի առաջնություններին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ։ Նա ռեկորդը սահմանեց 41 տարեկան և 113 օրականում:
Նախորդ ռեկորդակիրը Հունգարիայի հավաքականի դարպասապահ Գաբոր Կիարյն էր, որը Եվրոպայի առաջնություններում վերջին հանդիպումն անցկացրել է 40 տարեկան 86 օրականում։
Կրիշտիանու Ռոնալդուն, Չեխիայի հավաքականի դեմ հանդիպումն սկսելով առաջին րոպեից, դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը 6-րդ անգամ մասնակցում է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլին։
39-ամյա Ռոնալդուն Եվրո-ներում նորամուտը նշել է 2004 թվականին և 25 խաղում խփել է 14 գոլ։ Նա մրցաշարի ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է և պատմության լավագույն ռմբարկուն։ 2016 թ. Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հետ նվաճել է նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։