Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո չի վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»:
37-ամյա ֆուտբոլիստն ու անգլիական ակումբը խզել են գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
««Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններից հետո որոշեցինք խզել պայմանագիրը: Նախկինի պես սիրում եմ այս ակումբն ու երկրպագուներին: Դա ամբողջ կյանքի համար է: Սակայն եկել էր նոր մարտահրավեր փնտրելու ժամանակը: Լավագույնն եմ մաղթում Մանչեսթեր Յունայթեդին»»,- ասել է Ռոնալդուն:
Daily Mail-ի համաձայն՝ պորտուգալացի հարձակվողը պայմանագիրը խզելու համար հրաժարվել է փոխհատուցումից: Նրա շաբաթական աշխատավարձը կազմում է 500 հազար ֆունտ ստերլինգ: Մինչև պայմանագրի ավարտը Ռոնալդուն պետք է ստանար 16 միլիոն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 2021 թվականին էր վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Ռոնալդուն անգլիական գրանդում անցկացրած 346 հանդիպումներում խփել է 145 գոլ: Նա «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել էր նաև 2003-2009 թվականներին:
Ավելի վաղ Ռոնալդուն Պիրս Մորգանի հետ հարցազրույցում քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդին» և հայտնել, որ ինքը չի հարգում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, քանի որ հոլանդացի մասնագետն էլ իրեն չի հարգում:


