Logo

Ռոնալդուն, գրավիչ ֆուտբոլն ու սերնդափոխությունը. Մարտինեսի գլխավոր առաջադրանքները Պորտուգալիայի հավաքականում (ֆոտո)

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
19:52 / 23.03.2023Եվրոպայի առաջնություն
Բացառիկ
null

Պորտուգալիայի հավաքականում նոր ժամանակաշրջան է սկսում. Ֆերնանդու Սանտուշի՝ 8 տարվա վայրիվերումներով աշխատանքից հետո մեկնարկում է արդեն Ռոբերտո Մարտինեսի էտապը, որն էլ իր հերթին փոխում է մի թոփ հավաքականը մյուսով: Նախորդ 8 տարիների ընթացքում պորտուգալացիները հասան իրենց պատմության մեծագույն նվաճմանը՝ դարձան Եվրոպայի չեմպիոն, բայց եղան նաև ձախողումներ ու մնացին բազմաթիվ բայցեր: 

Այժմ Պորտուգալիան ունի նոր սերունդ՝ տարբեր դիրքերում համալրված թոփ ֆուտբոլիստներով, ինչպես նաև նոր մարզիչ՝ ի դեմս բազմափորձ Ռոբերտո Մարտինեսի, որը 2016-2022 թվականներին գլխավորել է Բելգիայի հավաքականը և աշխատել ոսկե սերնդի հետ։ VNews-ն առանձնացրել է այն խնդիրները, որոնք սպասում են իսպանացի մասնագետին A Selecção-ում:

Ռոնալդուի «վերջը» հավաքականում

Մարտինեսի համար առաջին ու գլխավոր խնդիրներից մեկը Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելն է, նրա՝ հավաքականում ունեցած լեգենդար կարիերայի եզրափակիչ հատվածից առավելագույնը քաղելը: Հաշվի առնելով, որ Կրիշտիանուն 38 տարեկան է, դժվար է հավատալ, որ նա կմասնակցի ԱԱ-2026-ին, բայց Եվրո-2024-ում խաղալն ավելի քան իրատեսական է: Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն էլ տարբեր առիթներով նշում է, որ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբ է տեղափոխվել Եվրոպայի առաջնությանը խաղային պրակտիկա ունենալու և լավ մարզավիճակում մոտենալու համար: Այդուհանդերձ՝ Ռոնալդուի նման գերաստղի հետ աշխատելն ամենահեշտ զբաղմունքը չէ. թիմում մրցակցությունը մեծ է, թոփ հարձակվողների պակաս Պորտուգալիան չունի: Ֆերնանդու Սանտուշն իր վերջին 2 խաղերում Ռոնալդուին թողեց պահեստայինների նստարանին: 

Fabrizio Romano on Twitter: "Cristiano Ronaldo, called up by Portugal new  coach Roberto Martinez for the next UEFA qualifiers 🇵🇹 #Portugal  “Cristiano Ronaldo is a very committed player. He can bring experience

Շատ բան կախված է հենց իրենից՝ Ռոնալդուից, որը թեև խաղում է ավելի քիչ մրցակցային առաջնությունում, բայց, կարծես, չի պատրաստվում հրաժարվել հավաքականում նոր ռեկորդներ սահմանելուց (նա ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է՝ 118 գոլ): Մարտինեսին էլ ցնցումներն ու ավելորդ աղմուկը հաստատ կխանգարի: Այնպես որ, Ռոնալդուի հետ նրա միջազգային կարիերայի գեղեցիկ ու արդյունավետ ավարտի հարցում համաձայնության հասնելը իսպանացի մասնագետի առաջին խնդիրն է: 

Խաղային ձեռագիր, ավելի գրավիչ ֆուտբոլ

Ռոբերտո Մարտինեսի կամ ցանկացած այլ մարզիչի համար դժվար է լինելու հասնել այնպիսի նվաճումների, որին հասավ Ֆերնանդու Սանտուշը (Եվրո-2016, Ազգերի լիգա-2019): 

Սակայն Սանտուշի գլխավոր խնդիրը մեկն էր՝ Պորտուգալիայի հավաքականը ցույց չէր տալիս գեղեցիկ ու գրավիչ ֆուտբոլ: Լեհաստանի հավաքական տեղափոխված պորտուգալացու մոտեցումը պրագմատիկ էր, ու երբ արդյունքները թիմին չէին ուղեկցում, այս մասնագետն այլևս «արդարանալու» տեղ չէր ունենում՝ հատկապես այն ժամանակներում, երբ Պորտուգալիայի կազմը դարձավ լավագույններից մեկն աշխարհում: Այստեղ պետք են տակտիկական միջամտություններ:

«Բոբը» Բելգիայի հավաքականում արդեն նորարարություն կիրառեց՝ օգտագործելով 3 կենտրոնական պաշտպանով սխեման, և այժմ Պորտուգալիայում պետք է գտնի այն լավագույն մարտավարությունը, որը կօգնի թիմին խաղալ ավելի կոմբինացիոն, արագ, գրավիչ ու հարձակողական ֆուտբոլ, աստղային խաղացողներին էլ թույլ կտա նաև հավաքականում իրացնել ամբողջ ներուժը. «Ժամանակակից ֆուտբոլում տակտիկական ճկունություն է պետք՝ տաղանդներից առավելագույնը ստանալու համար»,- նշում է Մարտինեսը:

Բրունու Ֆերնանդեշի ու Բերնարդու Սիլվայի համատեղելիությունը

Բրունու Ֆերնանդեշը և Բերնարդու Սիլվան, որպես առանձին ֆուտբոլիստներ, աշխարհում լավագույններից են իրենց դիրքում, բայց Սանտուշը չէր կարողանում մանչեսթերյան թիմերի ֆուտբոլիստներին միասին արդյունավետ օգտագործել: 

Mundial 2022 Qatar: Bruno Fernandes vs. Bernardo Silva: ¿Y tú de quién  eres? | Marca

Սիլվան, որքան էլ այս ու նախորդ 2-3 մրցաշրջաններում «Սիթիի» կազմում գործում է խորքից, նաև շատ է օգնում հարձակման գծում՝ կրեատիվ որոշումներով, նրբանկատ փոխանցումներով ու գոլերով: Բայց Պորտուգալիայի հավաքականում պատկերն այլ է, ու Մունդիալ-2022-ը դրա վառ օրինակն էր։ Բրունու Ֆերնանդեշը թիմում ամենաշատ ասիստ գրանցած ֆուտբոլիստն էր (3) և ամենաշատ բարձրից փոխանցում կատարած խաղացողը (23), մինչդեռ Բերնարդու Սիլվան այն խաղացողն էր, որն ամենաշատն էր վազել (49 կմ) և ամենաշատը սեփական կիսադաշտում պրեսինգ կիրառել (228): 

Այսպիսի խնդրի առջև Մարտինեսը կանգնած էր նաև Բելգիայի հավաքականում: Այն ժամանակ էլ Էդեն Ազարն ու Կևին դե Բրույնեն էին տակտիկական առումով «կոնֆլիկտային» ֆուտբոլիստներ, բայց իսպանացին գտավ լուծումն ու կարողացավ ապահովել աստղային ֆուտբոլիստների համատեղելիությունն այնպես, որ նրանցից ոչ մեկի խաղը չտուժեր: Այժմ խնդիրը նույնն է, դերակատարներն են փոխվել:

Գտնել Պեպեի «հետնորդին»

Պորտուգալիան խնդիր ունի նաև պաշտպանության կենտրոնում: Ֆերնանդու Սանտուշին շատ դժվար տրվեց հին գվարդիայից հրաժարվելն ու այդ դիրքին նոր շունչ հաղորդելը: Նրա պաշտոնավարման մեծ հատվածում կենտրոնական պաշտպաններն անփոփոխ էին՝ Պեպեն, Ժոզե Ֆոնտեն և պաշտպանի վերածված Դանիլո Պերեյրան: Միայն Ռուբեն Դիաշն էր, որ հայտնվեց 2020-ին ու տեղ գտավ մեկնարկային կազմում:

Pepe, Jose Fonte - Pepe and Jose Fonte Photos - Zimbio

Պեպեի խաղամակարդակն իսկապես հիացնող է, բայց նրա տարիքը ստիպում է փնտրել արժանի հետնորդի: Բոլորի հայացքներն այժմ ուղղված են «Բենֆիկայի» ծագող աստղ Անտոնիո Սիլվային: 19-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ վերջին պահին հայտնվեց ԱԱ-2022-ի հայտացուցակում, նրա նկատմամբ կա նաև հետաքրքրություն գրանդ ակումբներից: Հորիզոնում են նաև Դավիդ Կարմոն և Ֆաբիո Կարդոսոն «Պորտուից», «Սպորտինգի» պաշտպան Գոնսալո Ինասիոն և «Լիլի» ֆուտբոլիստ Տիագո Ջալոն: Այդուհանդերձ՝ այս ֆուտբոլիստները պետք է մեկ քայլ առաջ անեն՝ Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում հայտնվելու համար:

«Տեղ ազատել» Ռաֆայել Լեաոյի համար, վերադարձնել լավագույն Ֆելիքսին

Դժվար է հավատալ, որ Իտալիայի Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացրել է ընդամենը 16 հանդիպում, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում և մեկնարկային կազմում հայտնվել է ընդամենը 3 անգամ: Ռաֆայել Լեաոյի վիճակագրությունը «Միլանում» (150 խաղ, 36 գոլ, 31 գոլային փոխանցում) ստիպում է մտածել, որ այս խաղացողը պետք է լինի Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում:

Պորտուգալիայի հավաքականում իր շնորհանդեսին Ռոբերտո Մարտինեսը հայտարարեց, որ իր համար առաջնահերթություն է արագ անցումը պաշտպանությունից հարձակում: Հենց նմանատիպ ֆուտբոլին էլ համապատասխանում է Լեաոն: «Լիլի» ու «Սպորտինգի» նախկին ֆուտբոլիստի ուժեղագույն կողմերն են արագությունը, տեխնիկան, գնդակի հետ վարվելու հմտությունը և արդյունավետությունը մրցակցի դարպասի դիմաց: Լեաոն տարբերվող ֆուտբոլիստ է և կարող է հրաշալի զենք դառնալ պորտուգալացիների համար:

Rafael Leao will 'talk' with Milan about new deal upon his return from  World Cup | PlanetSport

Մեկ այլ տաղանդավոր ֆուտբոլիստ, որից Պորտուգալիան չի կարողանում քաղել առավելագույնը՝ Ժոաու Ֆելիքսն է: Մրցաշրջանի սկիզբը հաջող չէր նրա համար. Ֆելիքսն «Աթլետիկոյում» մնում էր պահեստայինների նստարանին, վիճում էր Դիեգո Սիմեոնեի հետ ու այդ ամենը բացասական ազդեցություն էր ունենում նրա խաղի վրա: Բայց «Չելսի» տեղափոխությունը կարծես փոխել է իրավիճակը. Ֆելիքսը Լոնդոնում իրեն ավելի կարևոր է զգում, խաղում է մեկնարկային կազմում ու գոլեր է խփում: Հավաքականում էլ Մարտինեսը պետք է ճիշտ սխեմա ընտրի՝ 23-ամյա խաղացողի որակներն օգտագործելու համար:

Ճանապարհ բացել երիտասարդներին

Նշեցինք Անտոնիո Սիլվայի, Ֆելիքսի ու Լեաոյի անունները, բայց կան նաև այլ տաղանդներ: Պորտուգալիայի նոր սերունդն իսկապես մեծ ներուժ ունի. 2021-ին Մ21 հավաքականը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, 2018-ին Մ19 հավաքականը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ 2022-ին Մ17 հավաքականը նույն մրցաշարում հասավ մինչև կիսաեզրափակիչ: Ֆերնանդու Սանտուշը չկարողացավ լիարժեք իրականացնել սերնդափոխությունը. իրենց շանսը ստացան միայն Նունու Մենդեշը և Դիոգու Կոշտան, բայց կան շատ այլ խաղացողներ, որոնք «առաջնագծում» են:

Գոնսալու Ռամուշը Կատարում Շվեյցարիայի հավաքականի դեմ մրցավեճում հեթ-թրիկ ձևակերպեց, «Բենֆիկայի» լավագույն ռմբարկուն է ու Եվրոպայի ամենախոստումնալից հարձակվողներից մեկը: Կան շատ այլ խաղացողներ, որոնք թակում են հավաքականի դռները. Ֆաբիո Վիեյրան («Արսենալ»), Մատեուս Նունյեշը («Վուլվերհեմփթոն), Ֆլորենտինո Լուիշը («Բենֆիկա»), Ֆաբիո Կարվալյուն («Լիվերպուլ») և շատ այլ խաղացողներ:

Pistoleiro acertou três vezes no alvo. Dentro do campo, Gonçalo Ramos fez  esquecer Ronaldo – Observador

Մարտինեսի գլխավորությամբ Բելգիայի հավաքականում իրենց նորամուտը նշեցին Յուրի Տիլեմանսը, Ժերեմի Դոկուն, Դե Կատելարեն, Սալեմակերսը...

Հաղթահարել փլեյ-օֆֆ փուլերի պատնեշը

Պորտուգալիայի հավաքականն անկայուն արդյունքներ է գրանցում որակավորման փուլերում: Այո՛, թիմը ԱԱ-1998-ից հետո որևէ մրցաշար բաց չի թողել, բայց եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճում է մեծ դժվարությամբ: 2014-ի, 2018-ի ու 2022-ի Մունդիալին ու Եվրո-2012-ին թիմը անցումային փլեյ-օֆֆերին մասնակցելու գնով է կարողացել ձեռք բերել վերոնշյալ մրցաշարերին մասնակցելու իրավունք: 

Մարտինեսը հայտարարել է, որ պատրաստվում է մրցունակ թիմ ստեղծել ու առիթը բաց չի թողնում հիշեցնելու Բելգիայի հավաքականի ղեկին իր 28 անպարտելի խաղերի շարքը: Ավելին՝ նրա գլխավորությամբ Բելգիայի հավաքականը ավելի քան 3 տարի գլխավորել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը: 

Կրկին նվաճել տիտղոս

Մնացած բոլոր մարտահրավերներն ու խնդիրները լուծելն ունեն մեկ հիմնական նպատակ՝ նվաճել տիտղոս: «Պետք է երազենք մեծ նվաճումների մասին: Մեր նպատակն է 2026 թվականի աշխարհի առաջնությանը մոտենալ ֆավորիտի կարգավիճակում»,- հայտարարել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդու Գոմեշը՝ բաց տեքստով ակնարկելով Ռոբերտո Մարտինեսի գլխավոր առաջադրանքը:

Portugal stuns host France to win Euro 2016 | The Star

Ինչպես հասկացանք, Մարտինեսն այդ առաջադրանքը կատարելու համար բազմաթիվ այլ «փոքր» առաջադրանքներ պիտի հաղթահարի: Մարզչական կարիերայում նա բարձր նշաձող է սահմանել՝ Բելգիայի հավաքականի հետ 2018-ի Մունդիալին գրավելով 3-րդ տեղը: Նրա խնդիրն է բարձրացնել այդ նշաձողն արդեն պորտուգալացիների հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ