Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը Դանիայի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի նախավերջին տուրի արտագնա խաղից առաջ Fast Media-ի թղթակցի հետ զրույցում խոսել է հանդիպմանը նախապատրաստվելու, մարզադահլիճի մանրահատակի և Ղազախստանի հավաքականի վերջին հաղթանակի մասին:
Դանիայի դեմ խաղին նախապատրաստվելու մասին
«Ամեն ինչ իր հունով ընթանում է: Նախախաղային մարզումը ցույց տվեց, որ ամեն ինչ կարգին է: Պատրաստ ենք վաղվա խաղին»:
Մարզադահլիճի մանրահատակի մասին
«Մանրահատակը փայտից է, ոչ մի խնդիր չի լինի»:
Ղազախստանի հավաքականի` Ալբանիայի թիմին հաղթելու մասին (4-2)
«Անկեղծ ասած` մտածում էի, որ ավելի խոշոր հաշվով Ղազախստանը կհաղթի Ալբանիային: Հատուկ ուշադրություն չենք դարձնում այս արդյունքին, այժմ ամեն ինչ մեր ձեռքերում է: Մինչև վերջ մեր խաղն ենք ցուցադրելու, ղազախները պետք է մտածեն` մեր դեմ ինչպես են խաղալու»:
Դանիա - Հայաստան խաղը կանցկացվի մարտի 8-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում: Չորս օր անց էլ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը կընդունի Ղազախստանի թիմին:
Ընտրական 6-րդ խմբում Հայաստանի ու Ղազախստանի թիմերն ունեն 10-ական միավոր: Ռուբեն Նազարեթյանի թիմը լրացուցիչ ցուցանիշներով առաջատարն է: Ղազախներին մնում է անցկացնել մեկ խաղ` վերջին տուրում հյուրընկալվելով Հայաստանի հավաքականին: Առաջին տեղը գրաված թիմը կնվաճի Եվրոպայի առաջնության ուղեգիր, իսկ երկրորդ տեղի թիմը փլեյ-օֆֆի միջոցով կփորձի նվաճել ուղեգիրը:


