Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ձախ ծնկի մենիսկի վիրահատության է ենթարկվել:
Գերմանացին վնասվածք է ստացել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչում (2:3): Ռյուդիգերն արդեն տևական ժամանակ է՝ խաղում էր ծնկի խնդրով, իսկ կատալոնական ակումբի դեմ խաղում պատռել էր մենիսկը: Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ գերմանացին հանդիպման մի մասն անցկացրել է պատռված մենիսկով, քանի որ թիմն այդ դիրքում նրան փոխարինող չի ունեցել:
«Արքայական ակումբը» չի նշել 32-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը, սակայն Marca-ն հայտնում է, որ պաշտպանը կարող է խաղադաշտ վերադառնալ 6-8 շաբաթից:
Եթե գերմանացին հասցնի շարք վերադառնալ 6 շաբաթից, կարող է մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը: Հակառակ դեպքում Ռյուդիգերի համար մրցաշրջանն ավարտված է:


