Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է ավստրիական «Ռապիդի» դեմ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի արտագնա խաղը: Հայկական թիմը Վիեննայում կայացած խաղում պարտվել է 0-1 հաշվով:
«Աստիճանաբար մենք կարողացանք «Ռապիդին» ստիպել նահանջել սեփական կիսադաշտ, մի քանի գոլային պահ ունեցանք, սակայն, ցավոք, չկարողացանք գոլ խփել:
Կարծում եմ՝ շատ մրցակցային ու դիտարժան խաղ էր: Շնորհավորում եմ «Ռապիդին» հաղթանակի առթիվ, բայց ինքս շատ գոհ եմ այն ամենից, ինչ այսօր տեսա իմ տղաների կատարմամբ»,- խաղից հետո ասել է պորտուգալացի մասնագետը:
Մոտայի թիմն այս պահի դրությամբ երեք միավորով 15-րդն է, «Ռապիդը»` 6 միավորով 6-րդը:
Հիշեցնենք, որ «Նոան» մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր չեխական «Մլադա Բոլեսլավին» և հաղթել 2-0 հաշվով։
«Նոան» երրորդ տուրում նոյեմբերի 7-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին»:


