Անգլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին համեմատել է Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի գոլահար Էրլինգ Հոլանդի և Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեի հետ:
«Կարծում եմ՝ Ռեշֆորդն անհավանական տաղանդ ունի: Ուրախ եմ, որ նա նոր պայմանագիր կնքեց: Առաջիկա 5 տարիները շատ կարևոր են նրա ֆուտբոլային ժառանգության համար:
Մարկուսը կարող է շատ գոլեր խփել, սակայն, եթե ցանկանում է հասնել Հոլանդի և Մբապեի խաղամակարդի, պետք է «Մանչեսթեր Յունայթեդին» տիտղոսներ բերի: Հույս ունեմ՝ դա տեղի կունենա»,- «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2016 թվականից: Մինչև օրս նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 359 հանդիպում և դարձել 123 գոլի հեղինակ։ 2022/2023 մրցաշրջանում Ռեշֆորդը 56 խաղում խփել է 30 գոլ։