Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) չկարողացավ մեդալ նվաճել Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 1-3 հաշվով պարտվեց ճապոնացի Կիոտարո Սոգաբեին:
Հովհաննիսյանը հոկտեմբերի 18-ին պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6-5 հաշվով հաղթել էր շվեդ Նիկլաս Պոնտուսին, սակայն 1/8 եզրափակիչում 1-3 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Գագիկ Սնջոյանին, որը հասել էր եզրափակիչ, ինչի շնորհիվ Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:
Հոկտեմբերի 19-ին Սահակ Հովհաննիսյանը սփոփիչ գոտեմարտում 10-0 հաշվով առավելության էր հասել Բուլղարիան ներկայացնող Իվո Իլևի նկատմամբ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ23 ԱԱ-ում ելույթն ավարտեց մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալով: Հոկտեմբերի 18-ին մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Գևորգ Թադևոսյանը (87 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) պարտվել էին մեկնարկային փուլերում ու դուրս մնացել պայքարից:


