Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում էլ «Նոան» հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային» (3-2) և երկրորդ տարին անընդմեջ Լիգայի փուլի ուղեգիր նվաճեց:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. «Նոան» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հաջողությամբ հաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի արգելքն ու կրկին Լիգայի փուլի ուղեգիր նվաճեց: Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկությունում Հայաստանի չեմպիոնն այդ փուլում պայքարից դուրս էր մղել Սլովակիայի «Ռուժոմբերոկին»՝ 3-0, 1-3:
Նախկինում մեկական անգամ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հանդես են եկել «Ալաշկերտն» ու «Փյունիկը»:
2. Եվրագավաթների մրցաշարերում «Նոային» 2-րդ անգամ հաջողվեց մրցակցին հաղթել դիմակայության երկու հանդիպումներում էլ: Նախկինում դա տեղի էր ունեցել նախորդ մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ մրցավեճում՝ 2-0, 2-1:

3. Հայաստանի չեմպիոնը եվրագավաթներում երկու հաճելի հոբելյան նշեց՝ անցկացնելով 25-րդ խաղն ու տոնելով 10-րդ հաղթանակը: «Նոան» 5 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 10 պարտություն, խփել է 41 գոլ, բաց է թողել 43 գնդակ:
Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոան» 3-րդ հաղթանակը տարավ: 3 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 2-ում Հայաստանի չեմպիոնը պարտվել է, խփել է 15 գոլ, բաց է թողել 12 գնդակ: Վերջին 4 խաղերում «Նոան» անպարտելի է՝ 2-ական հաղթանակ և ոչ-ոքի:
4. «Օլիմպիայի» նկատմամբ տարած հաղթանակը 30-րդն էր հայկական ակումբների համար Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարերում անցկացրած 82 խաղերում: Հաղթանակներից 9-ը գրանցվել է «Նոայի» օգտին թիմի անցկացրած 18 հանդիպումներում: Ավելի շատ հաղթանակներ է տոնել «Փյունիկը»՝ անցկացրած 22 հանդիպումներից 12-ում պարտության մատնելով մրցակիցներին:

5. «Արարատ-Արմենիայից» հետո «Նոան» եվրագավաթներում Սլովենիայի ներկայացուցչի արգելքը հաղթահարած հայկական երկրորդ ակումբն է: «Արարատ-Արմենիան» 2020/21թթ. Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում մեկխաղյա դիմակայությունում նվազագույն հաշվով հաղթել էր «Ցելյեին»:
«Զվարթնոցին», «Շիրակին», «Ուրարտուին» և «Փյունիկին» չի հաջողվել հաղթահարել սլովենական թիմերի արգելքը: Հայաստանի ներկայացուցիչները 5-րդ հաղթանակը տոնեցին սլովենական թիմերի հետ մրցավեճում: Բացի «Նոայից», մեկական անգամ մրցակիցներին հաղթել են «Զվարթնոցը», «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»: Մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի, 5-ում հայկական ակումբները պարտվել են: Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը մրցակիցների օգտին է՝ 19-15:
6. Սանդրո Պերկովիչը եվրագավաթներում հայկական ակումբում նորամուտը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի ուղեգրի նվաճմամբ նշած 3-րդ մարզիչն է: 2021/22թթ. մրցաշրջանում «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նման հաջողության էր հասել Ալեքսանդր Գրիգորյանը, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը կրկնել էր Ռուի Մոտան «Նոայում»:

7. Հելդեր Ֆեռեյրան եվրագավաթներում 4-րդ գոլը խփեց և ընդգրկվեց հայկական ակումբներում հանդես եկած լավագույն ռմբարկուների ցանկում: Ֆեռեյրան եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 2-րդ գոլը խփեց: Նա գոլերի հաշիվը բացել էր «Ֆերենցվարոշի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում:
Ֆեռեյրայի գոլը Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարերում հայկական ակումբների մասնակցությամբ անցկացված հանդիպումներում ընդհանուր առմամբ գրանցված հոբելյանական՝ 250-րդ գոլն էր: Հայկական ակումբները 119 գոլ են խփել, բաց են թողել 135 գնդակ:

8. Հովհաննես Հարությունյանը եվրագավաթներում «Նոայի» կազմում նորամուտը գոլով նշեց: Նա ընդգրկվեց եվրագավաթներում «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ «Օլիմպիայի» դարպասը գրավելով 26 տարեկան 95 օրականում:
Հարությունյանը եվրագավաթներում 3-րդ գոլը խփեց: Նա գոլերի հաշիվը բացել էր «Փյունիկում» 2023/24թթ. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում՝ գրավելով շվեդական «Կալմարի» դարպասը: Հաջորդ մրցաշրջանում Հարությունյանն աչքի էր ընկել հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հետ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղում «Արարատ-Արմենիայի» կազմում:
Հարությունյանը դարձավ եվրագավաթներում հայկական 3 ակումբների կազմում գոլ խփած 3-րդ ֆուտբոլիստը: Նման ցուցանիշ նախկինում գրանցել են Արտակ Դաշյանը («Բանանց»՝ 1 գոլ, «Գանձասար»՝ 1, «Փյունիկ»՝ 4) և Ռաֆայել Նազարյանը («Արարատ», «Միկա», «Փյունիկ»՝ մեկական գոլ):

9. Օգնյեն Չանչարևիչը եվրագավաթների մրցաշարերում 45-րդ խաղն անցկացրեց և շրջանցելով Տարոն Ոսկանյանին, եզրափակում է ամենափորձառու ֆուտբոլիստների եռյակը: Եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով (53) ռեկորդակիրն Արտակ Գրիգորյանն է: Երկրորդ ցուցանիշն ունի Արտակ Դաշյանը, որը մասնակցել է 48 խաղի:
10. Հելդեր Ֆեռեյրան և Մաթեուս Այասը եվրագավաթների մրցաշարերում 22-րդ խաղն անցկացրին և ընդգրկվեցին 25 ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում:


