Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ուրարտուի» նորեկ Յայա Սանոգոն հաջողությամբ բուժզննում է անցել ու առաջին մարզումն անցկացրել թիմում, հաղորդում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք՝ 30-ամյա հարձակվողն «Ուրարտուին» միացել է ազատ գործակալի կարգավիճակում: Transfermarkt-ի հաղորդմամբ՝ կողմերի պայմանագրի ժամկետը կես տարով է և կսպառվի 2023 թվականի հունիսի 30-ին:


Մեկ տարուց ավելի Սանոգոն ազատ գործակալ էր։ Նրա նախորդ ակումբն անգլիական «Հադերսֆիլդն» է, որի կազմում ֆրանսիացին խաղացել է 2021 թվականին։
Հարձակվողը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ֆրանսիական «Օսերում», որտեղից 2013-ին տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»։ 2015-2016թթ․ նա վարձավճարով խաղացել է անգլիական «Քրիսթալ Փելասում», «Չարլթոնում» ու Ամստերդամի «Այաքսում»։
2017-ին Սանոգոն հեռացել է «Արսենալից» ու տեղափոխվել ֆրանսիական «Թուլուզ», որի կազմում խաղացել է 3 տարի։ Նա ներկայացրել է Ֆրանսիայի Մ16, Մ17, Մ19, Մ20 և Մ21 հավաքականները։ Յայա Սանոգոն Անգլիայի գավաթի ու Սուպերգավաթի հաղթող է, մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն:


Լուսանկարները՝ «Ուրարտուի» մամուլի ծառայության


