Logo

Satty Zhuldyz. Հայկ Մարտիրոսյանը գերազանց է մեկնարկել բլիցի մրցաշարում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:11 / 24.04.2023Շախմատ
null

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող կայծակնային շախմատի (բլից) Satty Zhuldyz միջազգային մրցաշարի առաջին շրջանում գերազանց ելույթ ունեցավ Հայկ Մարտիրոսյանը՝ 11 մրցախաղերում վաստակած 9 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

Հայ գրոսմայստերը մրցաշարը սկսեց 5 անընդմեջ հաղթանակով՝ պարտության մատնելով հնդիկ Արջուն Էրիգայսիին, ռուսաստանցիներ Կատերինա Լագնոյին ու Ալեքսանդր Գրիշչուկին, ուզբեկ Ջավոխիր Սինդարովին և չինացի Հոու Յիֆանին:

Հաջորդ երեք պարտիաներում Հայկը հաշտություն կնքեց ուզբեկ Ջախոնգիր Վախիդովի, ղազախ Բիբիսարա Ասաուբաևայի և Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդի հետ: Այնուհետև հետևեցին հաղթանակները գերմանացի Վինսենտ Կեյմերի և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: 11-րդ տուրում Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Լևոն Արոնյանի հետ:

Լևոն Արոնյանը 11 պարտիաներում 6,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը հաղթեց Ջավոխիր Սինդարովին, Հոու Յիֆանին, Ալեքսանդր Գրիշչուկին, Բիբիսարա Ասաուբաևային, հաշտություն կնքեց Ջախոնգիր Վախիդովի, Բորիս Գելֆանդի, Վլադիմիր Կրամնիկի, Արջուն Էրիգայսիի և Հայկ Մարտիրոսյանի հետ:

Արոնյանը 2 պարտություն կրեց՝ զիջելով Վինսենտ Կեյմերին ու Կատերինա Լագնոյին:

Ապրիլի 25-ին կայանալիք երկրորդ շրջանի պարտիաներով մրցաշարը կավարտվի:

Հիշեցնենք, որ արագ շախմատի մրցաշարում Արոնյանը 8 միավորով զբաղեցրել էր երկրորդ տեղը, իսկ Մարտիրոսյանը 5,5 միավորով եզրափակել էր լավագույն հնգյակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա