«Ֆերարիի» ավտոարշավորդ Կառլոս Սայնսը ժամանել է Մելբուրն: Իսպանացին 2 շաբաթ առաջ Սաուդյան Արաբիայում վիրահատվել էր ապենդիցիտի պատճառով: Ավստրալիայում Սայնսը հավելյալ բուժզննում կանցնի, որից հետո FIA-ն (Ավտոսպորտի Միջազգային ֆեդերացիա) կորոշի թույլատրել պիլոտին մասնակցել Գրան պրիին, թե՝ ոչ:
Marca-ի փոխանցմամբ, Սայնսը կանցնի ռեակցիայի, շնչառության, ինչպես նաև ֆիզիկական տվայլների փորձարկման թեստեր, որից հետո միայն նրան կթույլատրեն մասնակցել մրցավազքին:
Ֆորմուլա 1-ի նախորդ փուլում Սայնսիին «Ֆերարիի» բոլիդում փոխարինել էր Ֆորմուլա 2-ի պիլոտ Օլի Բերմանը: Եթե իսպանացին բարեհաջող չանցնի բուժզննումը, Բերմանը կփոխարինի նրան նաև Ավստրալիայի Գրան պրիում: Էտապը Մելբուրնում կկայանա մարտի 22-ից 24-ը:


