Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան գոհ է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի աշխատանքից: Tyc Sports-ի տեղեկություններով, 44-ամյա մասնագետի հետ նոր պայմանագիր կկնքվի: Սկալոնիի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև այս տարվա ավարտ:
Հիշեցնենք, որ Լիոնել Սկալոնին Արգենտինայի ազգային թիմը գլխավորել էր 2018 թվականի օգոստոսին: Անցյալ ամռանն «Ալբիսելեստեն» նվաճել էր Ամերիկայի գավաթը, իսկ այս տարվա հունիսի 1-ին հաղթել էր «Ֆինալիսիմայում»՝ ուժեղ գտնվելով Եվրոպայի չեմպիոն իտալացիներից։
Արգենտինայի հավաքականն այս տարի Կատարում կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Արգենտինացիներն ԱԱ-2022-ում ընգրկված են C խմբում, որտեղ կմրցեն Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի և Լեհաստանի հավաքականների հետ: Մունդիալը կմեկնարկի նոյեմբերի 21-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին:


