Թեպետ կարիերայիս ընթացքում առաջին անգամ գերազանցեցի 170 միավորի շեմը, սակայն միևնույն է` դեռ աշխատելու տեղ ունեմ։ VNews-ի թղթակցի հետ զրույցում իր ելույթն այդպես մեկնաբանեց Իտալիայում կայացած ձմեռային 16-րդ Եվրոպական օլիմպիական պատանեկան փառատոնի մենասահքում 4-րդ տեղը գրաված, Հայաստանը ներկայացնող գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը։
«Վաստակած միավորների քանակով անձնական ռեկորդ սահմանեցի։ Առաջին անգամ գերազանցեցի 170 միավորի շեմը։ Իհարկե, ունեցա բացթողումներ. նշանակում է առջևում անդադար քրտնաջան մարզումներ են սպասվում։ Ի՞նչը չբավարարեց։ Ունեցա սայթաքումներ, ընկա, նաև սխալվեցի նախավերջին ցատկի ժամանակ։ Սակայն, ամենաշատը պակասեց սահքը։ Երկրորդ միավորս է քիչ։ Պետք է ավելի շատ աշխատել այդ ուղղությամբ։ Հատկապես պետք է ձգտեմ զարգացնել դիմացկունության որակներս։ Անհրաժեշտ է ավելի հագեցած մարզումներ անցկացնել՝ առավել շատ միավոր ստանալու համար։ Իհարկե, ցավալի է, որ բաց թողեցի մեդալը, բայց դա նշանակում է, որ դեռ ձգտելու տեղ ունեմ։ Առաջիկայում սպասվում են աշխարհի երիտասարդական և Հայաստանի առաջնությունները։ Դրանք նույնպես կարևոր մրցումներ են, որոնցում պետք է պայքարել մրցանակային տեղերի համար»,- մրցավայրից հայտնեց 15-ամյա գեղասահորդը։
Սեմյոն Դանիլիանցի խոսքով, նման մրցման մասնակցելն անչափ օգտակար էր։
«Ինձ շատ դուր եկավ, մրցեցի տարբեր երկրների եվրոպացի հասակակիցներիս հետ, նոր ծանոթություններ հաստատեցի, ձեռք բերեցի նոր ընկերներ։ Այստեղ հիանալի մթնոլորտ է։ Փառատոնին մասնակցեցի ՀԱՕԿ-ի ֆինանսավորմամբ։ Մեզ հետ էին նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնք աջակցում էին բոլոր հարցերում»,- ասաց պատանի մարզիկը։

Դանիլիանցը տեղեկացրեց նաև, որ առաջիկա մրցումներին պատրաստվելու է Մոսկվայում՝ իր անձնական մարզիչ Ալեքսանդր Վոլկովի ղեկավարությամբ։ Դիտարկվում է նաև Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնելու տարբերակը։
Հիշեցնենք, որ ձմեռային եվրոպական Օլիմպիական պատանեկան փառատոնում Դանիլիանցը կարճ ծրագրից հետո 67,90 միավորով երրորդ տեղում էր, սակայն ազատ ծրագրի արդյունքներով, վաստակելով 181,79 միավոր, ամփոփիչ աղյուսակում գրավեց չորրորդ տեղը։
Մոսկվայում բնակվող Դանիլիանցն Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայի սան է։ Հայաստանը ներկայացնում է 2021 թվականից։


