Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դրագան Ստոյկովիչը հայտնել է, որ պաշտպան Ստրաինյա Պավլովիչը Սլովենիայի ազգային թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման ընդմիջմանն ուշագնաց է եղել հանդերձարանում։
«Պավլովիչը կորցրել է գիտակցությունը, մենք նրան ուշքի ենք բերել: Ուշքի գալուց հետո լավ զգում էր, բայց մի փոքր շփոթված էր։ Արևահարվելուց է եղել, սլովենացիներն ընդմիջման գնալիս ևս դժգոհում էին շոգից:
Մենք կարող ենք հպարտանալ, որ տղաները ցանկանում են կռվել, իսկ նրանց բարոյական ու կամային որակները շատ բարձր մակարդակի վրա են»,- սերբ մասնագետի խոսքը մեջբերում է The Mirror-ը։
Հիշեցնենք, որ ավստրիական «Զալցբուրգի» 23-ամյա ֆուտբոլիստը Սլովենիայի հավաքականի դեմ խաղացել էր առանց փոխարինման: Սերբիան վերջին վայրկյաններին ոչ-ոքի էր կորզել այս խաղում՝ 1-1:
Վերջին տուրից առաջ C խմբի առաջատարն Անգլիայի հավաքականն է, որն ունի չորս միավոր, Դանիան և Սլովենիան՝ երկուական, Սերբիան՝ 1:
Սերբերը խմբային փուլը կավարտեն Դանիայի դեմ խաղով, մյուս մրցավեճում կհանդիպեն Անգլիայի և Սլովենիայի հավաքականները: Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 25-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: