«Շիրակի» հետ Fastex Պրեմիեր լիգայի 34-րդ առաջնության մեկնարկային տուրի խաղում «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանի ֆուտբոլային կարճատև կարիերայում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: 64-րդ անգամ խաղադաշտ դուրս գալով հարազատ թիմի մարզաշապիկով, Սերգեյը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի քանակով «Նոայի» ռեկորդակիրը: Նա գերազանցեց Մաքսիմ Մայրովիչի ռեկորդային ցուցանիշը, որը «Նոայում» Հայաստանի առաջնություններում 63 խաղի էր մասնակցել:
Սերգեյ Մուրադյանին ընդամենը 2,5 մրցաշրջան պահանջվեց թիմի ռեկորդակիր դառնալու համար: Նա «Նոայում» հայտնվեց 2023թ. փետրվարին՝ Հայաստան տեղափոխվելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» երիտասարդական թիմից: Եվ արդեն փետրվարի 27-ին ԲԿՄԱ-ի հետ 2022/23թթ. առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրի խաղում Մուրադյանը նշեց նորամուտը «Նոայում»:
Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը պատանի ֆուտբոլիստին ընդգրկել էր թիմի մեկնարկային կազմում: 33-րդ րոպեին Սերգեյն իր տեղը զիջեց փորձառու Կարեն Մուրադյանին: Խաղի օրը թիմի նորեկը 18 տարեկան 184 օրական էր: Նա ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Նոայում» խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:

«Ուրարտուի» հետ հաջորդ տուրի խաղն անհաջող դասավորվեց Սերգեյ Մուրադյանի համար, որը 59-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից՝ թիմակիցներին թողնելով 10 հոգով: Մրցակցին ի վերջո հաջողվեց իրացնել թվային առավելությունն ու խաղավերջում խփած 2 անպատասխան գոլերի շնորհիվ հաղթեց:
Առաջնության վերջին 9 հանդիպումներում Մուրադյանը թիմի մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: Ճիշտ է, «Վանի» հետ ավարտական տուրի խաղում Մուրադյանն ավելացված ժամանակում հեռացվեց խաղադաշտից՝ առաջնությունում 2-րդ անգամ արժանանալով կարմիր քարտի:
Ընդհանուր առմամբ պատանի ֆուտբոլիստը 2022/23թթ. առաջնությունում 14 խաղի մասնակցեց: Հաջորդ մրցաշրջանում նա արդեն թիմի հիմնական կազմի խաղացող էր՝ մասնակցելով 24 խաղի: Սերգեյ Մուրադյանն իր առաջին մեդալը ստացավ՝ թիմակիցների հետ դառնալով առաջնության արծաթե մրցանակակիր:
2024/25թթ. մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստն իր կարճատև ֆուտբոլային կարիերայում հասավ ամենամեծ հաջողությանը՝ թիմակիցների հետ նվաճելով Հայաստանի չեմպիոնի ու գավաթակրի տիտղոսները, եվրագավաթներում էլ մասնակցեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի հանդիպումներին:

Նախորդ մրցաշրջանում Մուրադյանը բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում՝ 2024թ. նոյեմբերի 20-ին գրավելով «Արարատի» դարպասը: «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում էլ նա առաջնությունում անցկացրած 25 հանդիպումներում իր 2-րդ գոլը խփեց:
Իսկ այս տարվա ապրիլի 13-ին ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում մտնելով փոխարինման, Սերգեյ Մուրադյանը «Նոայում» բոլոր մրցաշարերում 72-րդ խաղն անցկացրեց ու դարձավ թիմի ռեկորդակիրը՝ գերազանցելով Բենիկ Հովհաննիսյանին:
Երիտասարդ ֆուտբոլիստի հուսալի խաղը չէր կարող անտարբեր թողնել ՀՀ հավաքականի մարզիչներին: 2024թ. մարտի 26-ին Պրահայում չեխերի հետ կայացած ընկերական խաղում Մուրադյանը նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում: Ալեքսանդր Պետրակովը խաղավերջում նրան խաղադաշտ դուրս բերեց Ստյոպա Մկրտչյանի փոխարեն:
Սեպտեմբերի 7-ին Մուրադյանը պաշտոնական առաջին խաղն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականում՝ լատվիացիների հետ Ազգերի լիգայի մրցաշարի երևանյան խաղի 76-րդ րոպեին փոխարինելով Անդրե Կալիզիրին: 20-ամյա Սերգեյ Մուրադյանը Հայաստանի ազգային հավաքականում արդեն 9 խաղի է մասնակցել:
FastNews-ը ներկայացնում է Fastex Պրեմիեր լիգայում «Նոայում» անցկացրած խաղերի քանակով ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակը:
|
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
|
1. Սերգեյ Մուրադյան |
64 |
|
2. Մաքսիմ Մայրովիչ |
63 |
|
3. Բենիկ Հովհաննիսյան |
61 |
|
4. Յուրի Գարեգինյան |
57 |
|
5. Վալերիո Վիմերկատի |
55 |
|
6. Ջորդի Մոնրոյ Արարատ |
54 |
|
7. Հովհաննես Համբարձումյան |
51 |
|
8. Սիմոեշ դե Օլիվեյրա |
48 |
|
9. Դմիտրի Լավրիշչև |
48 |
|
10. Էդգար Մովսեսյան |
47 |


