Logo

Սերգեյ Վակուլենկո. «Կարիերայիս ամենալուրջ վնասվածքն է» (ֆոտո)

18:05 / 02.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» կենտրոնական պաշտպան Սերգեյ Վակուլենկոն կիսատ է թողնել ուսումնամարզական հավաքը ու մեկնել Հռոմ, որտեղ վիրահատվել է: Մարզումներից մեկի ժամանակ ուկրաինացի ֆուտբոլիստը ստացել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք։

Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Վակուլենկոն պատմել է վնասվածքի, վիրահատության ու վերականգման ընթացքի մասին:

«Առաջին օրը շատ դժվար էր, բայց վնասվածքների և վիրահատությունների դեպքում միշտ էլ այդպես է: Հիմա ինձ ամեն օր ավելի ու ավելի լավ եմ զգում։ Աշխատում եմ ռեաբիլիտոլոգների, ֆիզիոթերապևտների հետ, պրոցեդուրաներ եմ կատարում, աշխատում ծնկիս վրա: Հետաքրքիր է, որ վիրահատությունից հետո այստեղ ոչ ոք հենակներով չի քայլում, պետք է փորձել միանգամից ինքնուրույն քայլել` ցավի ու ջանքերի միջով. սա է կլինիկայի յուրահատկությունն ու մոտեցումը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը, մարզչական շտաբին, թիմակիցներին, որոնք աջակցել են, օգնել, ինչ-որ բան հուշել վիրահատությունից առաջ, շնորհակալ եմ ամբողջ անձնակազմին և երկրպագուներին: Կցանկանամ հատուկ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանին և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին. նրանք վիրահատությունը կազմակերպեցին աշխարհի լավագույն կլինիկաներից մեկում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները հետագա վերականգնման համար: Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է զգալ և հասկանալ, որ նա պետք է թիմին: 

«Սլովանի» հետ խաղից առաջ վնասվածք ստանալուց հետո դադար վերցրի ու շատ խաղերի չկարողացա մասնակցել, իսկ առաջնության առաջին հատվածի ավարտին վերականգնվեցի։ Այդ ընթացքում շատ ու տքնաջան աշխատել եմ, կոփել մկաններս: Բանն այն էր, որ բուժզննումը ցույց էր տվել, որ մասամբ վնասվել էին խաչաձև կապաններս: Մենք հավատում էինք, որ հնարավոր կլինի ոտքի կանգնել առանց վիրահատության: Արձակուրդից հետո երկու շաբաթ նորմալ մարզվեցի ընդհանուր խմբում, բայց երբ հասանք ծանր և ինտենսիվ մարզումների փուլին, դրանցից մեկի ժամանակ ես ամբողջովին պատռեցի կապանները, և ՄՌՏ-ն դա հաստատեց:

Սա ամենալուրջ վնասվածքն է, այն աստիճան, որ վիրահատություն պահանջվեց։ Բայց հոգ չէ, սա ֆուտբոլ է, այստեղ ամեն ինչ էլ հնարավոր է:

Վերականգնման ժամկետները կախված անհատից կարող են տարբեր լինել` 5-ից մինչև 9 ամիս, բայց որքան հնարավոր է շատ կաշխատեմ, ջանք չեմ խնայի, որպեսզի ավելի շուտ վերադառնամ, քանի որ ֆուտբոլն իմ կյանքն է դեռ մանկուց։ Հասկանում եմ, որ դժվար լինելու թե՛ հոգեբանորեն, և թե՛ ֆիզիկապես, ցավի միջոցով, բայց դա միայն կուժեղացնի ինձ, կվերականգնվեմ, ավելի լավը կդառնամ ու կօգնեմ «Փյունիկի» ընտանիքին»,- նշել է Սերգեյ Վակուլենկոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ