Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն:
Բարսեղյանը երկամարտի ռեկորդային՝ 236 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 111 կգ կշռող ծանրաձողը, ինչը ևս ռեկորդային է Եվրոպայի մինչև 15 տարեկանների շրջանում, իսկ հրում վարժությունում Բարսեղյանը գլխավերևում պահել է 125 կգ ծանրաձողը: Առանձին վարժություններում ևս նա արժանացել է երկու փոքր ոսկե մեդալների:
Հիշեցնենք՝ Մ17 տարիքային խմբի 55 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալակիր էր դարձել Ժորա Գրիգորյանը: Հայ ծանրորդը երկամարտում գրանցել էր 225 կգ։ Պոկում վարժությունում նա գլխավերևում էր պահել 100 կգ ծանրաձողը, իսկ հրումում՝ 125 կգ:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականը ևս 2 ոսկե մեդալ էր նվաճել: Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային առաջին օրը չեմպիոն էր հռչակվել Միքայել Չոլակյանը (49 կգ), որը հաղթել էր մինչև 17 տարեկանների պայքարում։
Աղջիկների Մ17 տարիքային խմբի 49 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ էր տարել Ալեքսանդրա Գրիգորյանը։ Հայ մարզուհին հաջող էր կատարել բոլոր 6 մոտեցումները և երկամարտում գրանցել 167 կգ արդյունք։



