Սևանա լճում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա 18 և բարձր տարիքի քաղաքացիները (սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ առանձին խմբով):
Մրցաշարին չեն կարող մասնակցել այն մարզիկները, որոնց անունները ներառված են լողի Հայաստանի վարկանիշային աղյուսակում, և վերջին հինգ տարվա ընթացքում լողի Հայաստանի առաջնությունների կամ միջազգային մրցաշարերի մասնակիցները:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբերով
- Առաջին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ:
- Երկրորդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:
Կանայք կմրցեն հազար (1000) մետր, իսկ տղամարդիկ՝ հազար հինգ հարյուր (1500) մետր լողատարածություններում:
Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-10-րդ տեղերը գրաված մասնակիցների համար
- Առաջին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ
- 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
- 5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ
Ցանկացողները մասնակցելու համար պետք է մինչև հուլիսի 30-ը ներառյալ դիմում ներկայացնեն Հայաստանի լողի ֆեդերացիա: Մրցաշարը կանցկացվի օգոստոսին:

