Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների ելույթները։ Նա նշել է, որ գրանցված ցուցանիշները լավատեսություն են ներշնչում, իսկ Էլմիրա Կարապետյանի նվաճած բրոնզե մեդալը կարևոր է, քանի որ տևական ընդմիջումից հետո օլիմպիական մրցաձևի մեծահասակների մրցումներում Հայաստանի հաշվին գրանցված առաջին պարգևն է։
Տալինում կրակուղի էին դուրս եկել հայ 8 հրաձիգներ, որոնցից մեդալ նվաճեց միայն Էլմիրա Կարապետյանը՝ երրորդ տեղը գրավելով օդամղիչ ատրճանակ, 10 մետր (60 կրակոց) մրցաձևում։ Էլմիրան Բենիկ Խլղաթյանի հետ 565 միավորով (30+30 կրակոց) 32 թիմերի հաշվարկում 26-րդ տեղը գրավեց խառը զույգերի պայքարում։
Օդամղիչ ատրճանակով 10 մետրից հրաձգության տղամարդկանց անհատական մրցումներում Խլղաթյանը և Զավեն Իգիթյանը, 60 կրակոցի արդյունքում վաստակելով համապատասխանաբար 566 և 561 միավոր, 65 մասնակիցների շարքում գրավեցին 49-րդ և 58-րդ տեղերը։
Օդամղիչ հրացան, 10 մետր, 60 կրակոց վարժության երիտասարդների մրցումներում Վրեժ Թորոսյանը և Գագիկ Նիկողոսյանը 54 մասնակցի պայքարում գրանցեցին 21-րդ և 41-րդ արդյունքները։ Նույն տարիքային խմբում ելույթ ունեցած Գոռ Մանուչարյանը, Գրիգոր Պողոսյանը և Արմեն Գևորգյանը ատրճանակով հրաձգության անհատական մրցումներում (60 կրակոց) վեց տասնյակ հրաձիգների պայքարում գրավեցին 50-րդ, 53-րդ և 56-րդ տեղերը։ Այս եռյակը նաև 12-րդն էր երիտասարդների թիմային պայքարում, որին մասնակցեց 14 հավաքական։
«Ընդհանուր առմամբ մեր հրաձիգների ելույթները գնահատում եմ միջինից բարձր։ Հատկապես սպասված էր Էլմիրա Կարապետյանի նվաճած մեդալը, քանի որ երկար տարիներ օլիմպիական մրցաձևից չէինք ունեցել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, առավել ևս՝ կանանց մրցումներում։ Պետք է նշեմ, որ մեր թիմը համալրված էր գերազանցապես երիտասարդներով, որոնց մեծ մասը դեռ անփորձ են ու զերծ չեն սխալներից։ Իհարկե, աստիճանաբար հղկում ենք նրանց վարպետությունը և արդեն իսկ որոշակի առաջընթաց ունենք»,- նշեց Սեյրան Նիկողոսյանը։
Անդրադառնալով Էլմիրա Կարապետյանի ելույթին՝ գլխավոր մարզիչը նշեց. «Էլմիրան վճռական կրակաշարում մեկ փոքր-ինչ անհաջող կրակոցի պատճառով կարևոր միավորների պակաս ունեցավ։ Այդպիսին է հրաձգության առանձնահատկությունը. ընդամենը մեկ սայթաքումը կարող է որոշիչ նշանակություն ունենալ։ Մրցափորձի պակասը, իհարկե, կարևոր գործոն է, սակայն 2022 թվականից սկսած այնքան միջազգային մրցումների ենք մասնակցել, որ դա այլևս այնքան էլ արդիական հարց չէ։ Խնդիրը փոքր-ինչ այլ հարթությունում է. Էլմիրան գործնականում համարժեք մրցակից չունի Հայաստանում, թիկունքում չի զգում մեկ այլ ուժեղ մրցակցուհու շունչը։ Մինչդեռ, գաղտնիք չէ, որ հենց մրցակցությունն է առաջընթացի շարժիչը։ Այդ բացը փորձում ենք լրացնել հնարավորինս հաճախ մասնակցելով միջազգային մրցաշարերի»։

Սեյրան Նիկողոսյանը կարծում է, որ Կարապետյանը և Խլղաթյանը կարող էին ավելի բարձր դասվել խառը զույգերի պայքարում. «Այդ վարժությունում Բենիկը նորմալ դրսևորեց իրեն, իսկ ահա Էլմիրան փոքր-ինչ թուլացել էր անհատական հաշվարկում բրոնզե մեդալ նվաճելուց հետո։ Այդպես պատահում է սպորտում։ Համարենք, որ դա նույնպես յուրօրինակ փորձ է ապագայի համար»։
Մարզիչի կարծիքով՝ անհատական հաշվարկում Խլղաթյանի ելույթին անդրադարձավ լարվածությունը․ «Չէի կասկածում, որ Բենիկն իրեն լավ է դրսևորելու։ Համենայնդեպս, հավաքի ընթացքում նրա գրանցած ցուցանիշները լավատեսության հիմք էին տալիս։ Սակայն, նրան, հավանաբար, խանգարեց հաջողության հասնելու չափազանց մեծ ցանկությունը և դրանից առաջացած լարվածությունը»,- նշեց Սեյրան Նիկողոսյանը։
Իսկ երիտասարդական մրցումների մասնակիցների ելույթից նա գոհ է. «Բոլորն էլ հեռանկարային մարզիկներ են՝ 2008-09 թվականներին ծնված տղաներ, որոնք ոչ միայն առաջին անգամ էին մասնակցում Եվրոպայի առաջնությանը, այլ ընդհանրապես առաջին անգամ էին հավաքի և մրցումների մասնակցում արտասահմանում։ Նրանք լավ դրսևորեցին իրենց, դժգոհ չեմ, ունեին եզրափակիչ փուլ անցնելու հնարավորություն, բայց մի քանի ոչ այնքան հաջող կրակոցի պատճառով դուրս մնացին հետագա պայքարից։ Հուսով եմ՝ հետագայում ամեն ինչ ավելի լավ կդասավորվի»։
Սեյրան Նիկողոսյանը տեղեկացրեց նաև, որ ապրիլին նախատեսվում է հայ հրաձիգների մասնակցությունը Պերուում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, իսկ մայիսին՝ Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացվելիք միջազգային խոշոր մրցաշարին։
«Փորձելու ենք մասնակցել այդ երկու մրցումներին։ Ֆինանսական որևէ խնդիր չունենք, մնում է լուծել մուտքի վիզայի հարցը։ Այդքանը միանգամայն բավարար է հունիսին սպասվող Եվրոպական խաղերին արդյունավետ պատրաստվելու համար, չափազանց շատ միջազգային մեկնարկներն էլ ցանկալի չեն»,- եզրափակեց նա։
Էլմիրա Կարապետյան. «Հոգեբանորեն պատրաստ էի մրցանակային տեղի համար պայքարին»


