Հայ հրաձիգները մեդալներով և ռեկորդակրի կարգավիճակում վերադարձան Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերից։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում բարձր գնահատեց սաների ելույթը՝ չթաքցնելով, որ սպասելիքները փոքր-ինչ ավելին էին։ Նա նշեց, որ անկատար մնացած նպատակները մտադիր են իրականացնել օգոստոսին Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում։
Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացված էր գնդակային և ստենդային հրաձգության մրցումներում։ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը, 10 մետր օդամղիչ ատրճանակ 30+30 կրակոց միքս մրցաձևի որակավորման փուլում խոցելով 581 միավոր, Իտալիայի հրաձիգների հետ սահմանեցին Եվրոպական խաղերի ռեկորդ։ Եզրափակիչում հայկական զույգը 7։17 հաշվով պարտվեց իտալացիներին և դարձավ արծաթե մեդալակիր։ Սեյրան Նիկողոսյանի կարծիքով՝ այդ պարտությունը պայմանավորված է հոգեբանական գործոնով։
«Եվրոպական խաղերի ռեկորդակիր դառնալու հանգամանքն ինքնին վկայում է մեր զույգի հրաշալի ելույթի մասին։ Ճիշտ է, եզրափակիչում Էլմիրան և Բենիկը պարտվեցին Իտալիայի ուժեղագույն զույգին, սակայն պայքարն այնպիսի ընթացք ուներ, որ մեր մարզիկները կարող էին նաև հաղթել։ Իրականում իտալացիների առավելությունը մեծ չէր, որոշ դրվագներում հայ հրաձիգները նույնիսկ առջևում էին հաշվի մեջ։ Հավանաբար, խանգարեց հոգեբանական գործոնը. մեր հրաձիգների մոտ որոշակի լարվածություն, նաև սեփական հնարավորությունների նկատմամբ թերահավատություն նկատեցի։ Մի խոսքով, կան խնդիրներ, որոնք վերացնելու ուղղությամբ պետք է աշխատենք։ Չէի ասի, որ հոգեբանական գործոնը պայմանավորված է փորձի պակասով, քանի որ անցյալ տարվա վերջից մինչև այս մրցումը Էլմիրան և Բենիկը մասնակցել էին սահմանված քանակության միջազգային մրցաշարերի»,- արձանագրեց հավաքականի գլխավոր մարզիչը։

Անդրադառնալով օդամղիչ ատրճանակով 10 մետր հեռավորությունից անհատական մրցումներին Կարապետյանի և Խլղաթյանի մասնակցությանը՝ Սեյրան Նիկողոսյանն ասաց.
«Անհատական հաշվարկում Էլմիրան 38 մասնակիցների պայքարում գրավեց 12-րդ տեղը, իսկ Բենիկը՝ 36 հրաձիգի մեջ 22-րդն էր։ Խոստովանեմ՝ Կարապետյանից ակնկալում էի ավելի հաջող ելույթ, մտածում էի, որ անպայման եզրափակիչ կանցնի, բայց չստացվեց։ Իսկ ահա հաջորդ օրը Էլմիրան հավաքվեց և արդյունքը միանգամից երևաց։ Նա ու Բենիկը իրոք պատրաստ էին գրանցելու լավ ցուցանիշներ։ Խլղաթյանն ավելի երիտասարդ է, մրցափորձը հարստացնելու կարիք ունի, բայց արդեն ապացուցել է, որ կարող է գրոհել մարզական գլխավոր բարձունքները։ Լեհաստանում նա օլիմպիական ուղեգիր չձևակերպեց, քանի որ դրա համար անհրաժեշտ էր գրավել առաջին տեղը։ Նման հնարավորություն նա կունենա նաև Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում, որին, ամենայն հավանականությամբ, կմասնակցենք»։
Ստենդային հրաձգության մրցումներում Հայաստանը ներկայացնում էր աշխարհի հնգակի չեմպիոնուհի Երջանիկ Ավետիսյանը, որը սկիտ մրցաձևի որակավորման առաջին կրակահերթում 28 մասնակիցների պայքարում գրավել էր 26-րդ, իսկ երկրորդում՝ 23-րդ տեղը։ Առաջին դեպքում նա հաղթողին զիջել էր 10, երկրորդում՝ 11 միավոր։ Ավետիսյանին 8 միավոր չէր բավականացրել եզրափակիչ փուլ անցնելու համար։
«Ավետիսյանից սպասելիքներն ավելին չէին, թեպետ որոշ ակնկալիք ունեինք։ Ճիշտ է, նա փորձառու մարզուհի է, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն ու գավաթակիր է, բայց ներկայումս փամփուշտների սղության պատճառով քիչ է մարզվում։ Պետք է նշեմ, որ ստենդային հրաձգությունն անհամեմատ ծախսատար մարզաձև է, քան գնդակայինը։ Միտքս ավելի հստակեցնելու համար նշեմ, որ ստենդային հրաձգությունում մեկ մարզիկը յուրաքանչյուր մարզման ժամանակ օգտագործում է մոտ 35 հազար դրամի փամփուշտ։ Մինչդեռ, օդամղիչ զենքով կրակողը օրական օգտագործում է ընդամենը հազար դրամի փամփուշտ։ Ստացվում է, որ մեկ ստենդային հրաձիգի նախապատրաստության համար պահանջվում է այնքան գումար, որքան գնդակային հրաձգությունում մասնագիտացող 35-40 մարզիկի համար։ Ամեն ինչ հանգում է ֆինանսներին։ Հայաստանի հրաձգության ֆեդերացիան չունի յուրաքանչյուր հրաձիգին զենք-զինամթերքով ապահովելու հնարավորություն։ Ֆեդերացիայի նախագահը հնարավորինս կատարում է զինամթերքի գնումներ, բայց փամփուշտների քանակն այնքան պետք է լինի, որ մի քանի մարզիկ մարզվեն ու արդյունքի հասնեն։ Տեսեք, նույն գնդակային հրաձգությունում օդամղիչ զենքերով հրաձգությունից բացի, կա նաև 25 և 50 մետր հեռավորությունից հրաձգություն, բայց զինամթերքի խնդրի պատճառով վերջին երկուսը Հայաստանում չենք զարգացնում»,- նշեց Սեյրան Նիկողոսյանը։
Գլխավոր մարզիչը հայտարարեց, որ գրեթե լուծված է Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսված աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցը։
«99 տոկոսով մասնակցելու ենք օգոստոսի 14-ին Բաքվում մեկնարկող աշխարհի առաջնությունը։ Եվրոպական խաղերի ընթացքում հանդիպել ենք Ադրբեջանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին և սպորտի փոխնախարարին։ Նրանք հավաստիացրել են, որ մասնակցության հետ կապված որևէ խնդիր չկա։ Խոստացել են ապահովել ամեն ինչով։ Երկիր մուտքի վիզան տրամադրվելու է Բաքվի օդանավակայանում։ Հաստատվելու ենք հյուրանոցում՝ ինչպես մասնակից մյուս երկրների թիմերը։ Որևէ մտավախություն չունենք։ Մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու ենք առաջիկա օրերին։ Նախապատրաստության ընթացքում միջազգային մրցաշարերի չենք մասնակցելու»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը։


