Logo

«Շառլ Ազնավուրը կսիրեր այս ֆիլմը». կայացել է «Մսյո Ազնավուրը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

Հեղինակ
Ժենի Քոչարյան
21:51 / 18.11.2024Լուրեր
Բացառիկ
null

«Ֆասթ Մեդիայի» և «Ֆասթեքսի» աջակցությամբ Կինո Մոսկվայում կայացավ «Մսյո Ազնավուր» ֆիլմի փակ ցուցադրությունը: Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում դեկտեմբերի 5-ից։ 

Մեծանուն Ազնավուրը դեռ կենդանության օրոք էր թույլատրել իր մասին կենսագրական ֆիլմ նկարահանել: Հենց նրա գաղափարն էր, որ ֆիլմը կենտրոնանա իր կյանքի առաջին շրջանի վրա՝ «զրոյից մինչև փառք»։ «Մսյո Ազնավուր»-ը կենսագրական, երաժշտական դրամա է, որն ամբողջությամբ ներկայացնում է արտիստի կյանքը՝ առաջին բեմելից մինչև հայտնություն: Կինոնկարը գրավում է դիտողին առաջին իսկ րոպեից՝ հասունացող երաժշտական լուծումներով և Ազնավուրյանների ստեղծագործող ընտանիքը ներկայացնելով։ 

Հայաստանյան փակ ցուցադրությանը ներկա էին ֆիլմի ռեժիսոր Մեհդի Իդիրը, պրոդյուսեր Ժան-Ռաշիդ Կալուշը, գլխավոր դերակատար Թահիր Ռահիմը, մեծանուն երգչի զավակները, պրոդյուսերներ Նիկոլա և Էրիկ Ալտմեյերները: Մեհդի Իդիրը պատմեց, որ Ազնավուրի հետ երկար քննարկել են ֆիլմի գաղափարը։ «Քննարկում էինք՝ ինչպե՞ս է նա տեսնում այս ֆիլմը, ի՞նչ զարգացում է պատկերացնում։ Հետագայում, դժբախտաբար, Շառլ Ազնավուրը հեռացավ կյանքից, և մենք ստիպված էինք մի կողմ դնել ֆիլմ նկարահանելու միտքը։ Այս ֆիլմը չէր իրականանա, եթե չլիներ Ազնավուրի մեծ ընտանիքը», - անկեղծացավ ռեժիսորը։

Կատյա Ազնավուրն էլ ընդգծեց՝ ֆիլմը նկարահանելիս մտավախություն ունեին, բայց այժմ կարծում է, որ հայրը կսիրեր այս ֆիլմը։ «Սկզբում բոլորս մտավախություն ունեինք՝ ինչպես ենք իրագործելու այս ամենը: 3 տարի քրտնաջան աշխատեցինք։ Թահիրը շաբաթական 6-8 ժամ զբաղվում էր երաժշտությամբ, նվագում դաշնամուր։ Հետագայում հասանք այն կետին, որ հնարավոր դարձավ նկարահանել ֆիլմը», - պատմեց Կատյան։ Իսկ Նիկոլա Ազնավուրը հավելեց․ «Կիսում եմ քույրիկիս ամբողջ հուզմունքն ընտանիքիս հետ միասին: Կարծում եմ, որ ֆիլմն, իրոք, հաջողված է, Թահիրը կարողացել է մարմնավորել Շառլ Ազնավուրի կերպարը սկսած նրա երաժշտական տաղանդով, անհատականությամբ և նույնիսկ դիմախաղով»։

Մաեստրոյի կերպարը մարմնավորած «Սեզար» մրցանակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը նշեց, որ սկզբում մտածել է մերժել առաջարկը։ Դերասանը չի պատկերացրել, որ կարող է մարմնավորել մեծն շանսոնյեին։ «Խենթ գաղափար էր։ Դիտեցի բազմաթիվ փաստավավերագրական կադրեր, ուսումնասիրեցի Շառլ Ազնավուրի կյանքը և անհանգստությունը կիսով չափ նվազեց։ Չէի կարող դիմակայել այս գայթակղությանը և չմարմնավորել այս մեծ պարոնի կերպարը։ Եվ ես ասեցի՝ այո»,- խոստովանեց դերասանը։

Ֆիլմի ռեժիսորն ընդգծեց, որ ստեղծագործական կազմի համար կարևոր էր հայազգի դերասաններ գտնել: Նարինե Գրիգորյանը ֆիլմում մարմանվորում է Ազնավուրի մայրիկին: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Փարիզում: Դերասանուհին հիացած է աշխատանքային միջավայրով և ստեղծագործական թիմով: «Իհարկե երջանկություն է այդպիսի որդու մայր լինելը, որովհետև անվերջ համերգներին ծափ ես տալիս և հուզվում ես: Զգացողություներս անբացատրելի են: Երջանիկ եմ», - ասաց դերասանուհին։ 

Լուսանկարները՝ «KAMOBLOG.TV»-ի

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ