Պրահայում ավարտին է մոտենում շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որի վերջնագծում մրցանակային տեղերի համար պայքարը հասել է գագաթնակետին:
Մեդալներին հավակնող հայ շախմատիստուհիների եռյակից նախավերջին՝ 10-րդ տուրում հաջողությունն ուղեկցեց միայն Լիլիթ Մկրտչյանին, որը սևերով հաղթեց Մարիա Գևորգյանին:
Վերջին տուրից առաջ Լիլիթը 7,5 միավորով ընթանում է 3-րդ տեղում՝ ընդամենը կես միավոր զիջելով մրցաշարի միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյին: Վերջինս հաշտություն կնքեց ադրբեջանցի Գուլնար Մամադովայի հետ: Մարիա Գևորգյանն ունի 6,5 միավոր:
Մրցանակային տեղերին է հավակնում նաև Էլինա Դանիելյանը, որը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Գունայ Մամազադայի հետ և ունի 7 միավոր:
6,5-ական միավոր են վաստակել Աննա Սարգսյանն ու Մարիամ Մկրտչյանը: Աննան սևերով ոչ-ոքի խաղաց Բուլղարիան ներկայացնող Նուրգյուլ Սալիմովայի հետ, իսկ Մարիամը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սևերով առավելության հասնելով Սլովենիայի ներկայացուցիչ Լաուրա Ունուկի նկատմամբ:
Սուսաննա Գաբոյանը կրկին պարտվեց՝ սևերով զիջելով դանիացի Էլեն Ֆրեդերիցիա Նիլսենին: Գաբոյանի հաշվին 4,5 միավոր է գրանցված:
Օգոստոսի 31-ին կկայանա առաջնության վերջին՝ 11-րդ տուրը:


