Երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) MSNBC-ին տված հարցազրույցում պատմել է իր վաղեմի ընկերուհի Թինա Թըրների հետ անցկացրած օրերի և երգչուհու՝ հիվանդության դեմ պայքարի մասին:
Նրանք ընկերներ էին ավելի քան 50 տարի։ Շերը պատմել է, որ կանոնավոր կերպով այցելել է Թըրներին։ «Ես սկսեցի այցելել նրան, որովհետև մտածեցի. «Ես պետք է այս ժամանակը տրամադրեմ մեր ընկերությանը, որպեսզի նա իմանա, որ մենք չենք մոռացել իրեն», - ասել է Շերը: «Այսպիսով, մենք բոլորս հերթով այցելում էինք նրան և ժամանակ անցկացնում նրա հետ, և դա նրան ուրախացնում էր․․․»,- հավելել է նա:
Մի անգամ նույնիսկ, երբ երգչուհու առողջական վիճակը վատացել է, Թըրները Շերին խոստովանել է, որ արդեն պատրաստ է մահվան։ «Ես պարզապես չեմ ուզում այլևս համակերպվել դրա հետ», - ասել է «ռոքնռոլի թագուհին»:
Ըստ Շերի՝ երգչուհու տանը կար երիկամների դիալիզի ապարատ: «Simply The Best» հիթի կատարողը 2017 թվականին երիկամի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել։
«Նա այնքան երկար է պայքարել այս հիվանդության դեմ և այնքան ուժեղ էր», - ասել է Շերը:
Թինա Թըրները կյանքից հեռացել է մայիսի 24-ին՝ 83 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո։ Վերջին տարիներին նա առողջական խնդիրներ ուներ․ տարել է գլխուղեղի կաթված, պայքարում էր քաղցկեղի և երիկամների անբավարարության դեմ:
Ընդհանուր առմամբ, իր կարիերայի ընթացքում երգչուհին ստացել է ութ «Գրեմմի» մրցանակ և երկու անգամ ընդգրկվել է «Ռոքնռոլի փառքի սրահում»։


