Logo

Գոլային երաշտը շարունակվեց, փլեյ-օֆֆի արգելքն էլ կրկին չհաղթահարվեց. «Շերիֆ»- «Փյունիկ» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:41 / 26.08.2022• Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում հյուրընկալվելիս էլ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ: Դիմակայության ելքը վճռվեց հետխաղյա 11մ հարվածաշարում, որտեղ փյունիկցիները պարտվեցին 2-3 հաշվով ու դուրս մնացին Եվրոպա լիգայից: 

Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում, որի ուղեգիրն ապահովել էր Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու շնորհիվ:

«Փյունիկն» ընդգրկվել է H խմբում, որտեղ կմրցի շվեյցարական «Բազելի», Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» և լիտվական «Ժալգիրիսի» հետ:

VNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով: 

1. «Փյունիկն», առաջին անգամ ելույթ ունենալով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, չկարողացավ այդ մրցաշարի խմբային փուլի ուղեգիր նվաճել: Հայկական ակումբներն արդեն 4-րդ անգամ անհաջողության մատնվեցին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում: Այդ փուլում հայկական ակումբներից նախկինում ելույթ էին ունեցել «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը»: 2019-20թթ. խաղարկության Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» զիջել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին» (2-1, 1-2, 4-5՝ 11մ), իսկ հաջորդ մրցաշրջանում խմբային փուլի ուղեգրի համար պայքարում պարտվել էր «Ցրվենա Զվեզդային» (1-2):


«Ալաշկերտն» էլ անհաջողության էր մատնվել 2021-22թթ. խաղարկությունում շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ կայացած դիմակայությունում (0-1, 0-0):

Այսպիսով, Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում անցկացրած 7 հանդիպումներում հայկական ակումբներն ընդամենը մեկ հաղթանակ են տարել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են նույնքան պարտություն, խփել են 4 գոլ, բաց են թողել 6 գնդակ:

2. «Շերիֆ» - «Փյունիկ» հանդիպումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբների մասնակցությամբ անցկացված 14-րդ խաղն էր: Հայկական թիմերը 7-րդ ոչ-ոքին գրանցեցին: Հայաստանի ներկայացուցիչներն ընդամենը 2 անգամ են հաղթել, կրել են 5 պարտություն, խփել են 10 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 19 գնդակ:

3. Եվրագավաթների ընթացիկ խաղարկության վերջին 4 հանդիպումներում «Փյունիկը» չի գտել մրցակիցների դարպասի բանալին: Փյունիկցիների մոտ արդեն 395 րոպե տևողությամբ գոլային երաշտ է: Վերջին գոլը, որի հեղինակը Լուկա Յուրիչիչն է, փյունիկցիները խփել են Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում հուլիսի 26-ին Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ կայացած արտագնա հանդիպման 85-րդ րոպեին:

4. «Փյունիկի» եվրագավաթային հանդիպումներում 2-րդ անգամ դիմակայության ելքը վճռվեց հետխաղյա 11մ հարվածաշարում: Եթե ռումինական «Կլուժի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի արտագնա խաղում «Փյունիկը» հաղթող էր դուրս եկել 11մ հարվածաշարում (4-3), ապա «Շերիֆի» հետ մրցավեճում փյունիկցիները շատ անհաջող գործեցին՝ 6 հարվածներից դիպուկ իրացնելով ընդամենը 2-ը (Յուրի Գարեգինյան, Սերգեյ Վակուլենկո):


«Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում 3-րդ անգամ լրացուցիչ ժամանակ նշանակվեց: Մինչև այդ նման դեպք տեղի էր ունեցել եվրագավաթներում նորամուտի մրցաշրջանում՝ 1996-97թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: 

«Փյունիկն» առաջին խաղում Երևանում 3-1 հաշվով հաղթել էր ֆիննական ՀԻԿ-ին: Պատասխան խաղում գրանցվել էր նույնպիսի հաշիվ՝ հօգուտ տանտերերի: Լրացուցիչ ժամանակում ֆինները հաղթել էին 2-1 հաշվով և հաջորդ փուլ էին դուրս եկել:

5. Եվրագավաթների մրցաշարերում «Շերիֆի» արգելքը հաղթահարելու «Փյունիկի» 2-րդ փորձն էլ անհաջողության մատնվեց: Այս անգամ էլ փյունիկցիներին չհաջողվեց գտնել Մոլդովայի չեմպիոնի դարպասի բանալին: Հիշեցնենք, որ մրցակիցների առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 2006-07թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: 2006թ. հուլիսի 11-ին Երևանում կայացած խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, իսկ մեկ շաբաթ անց հյուրընկալվելիս «Փյունիկը» 0-2 հաշվով պարտվել էր։


6. Եվրագավաթներում «Շերիֆը» ևս մեկ անգամ հաստատեց հայկական ակումբների համար շատ անհարմար մրցակից լինելու փաստը: Բացի «Փյունիկից», «Շերիֆի» հետ դիմակայությունում անհաջողության են մատնվել նաև Երևանի «Արաքսը» (2001-02թթ. ՉԼ՝ 0-1, 0-2), «Ուլիսը» (2012-13թթ. ՉԼ՝ 0-1, 0-1) և «Ալաշկերտը» (2021-22թթ. ՉԼ՝ 0-1, 1-3): 

Եվրագավաթներում «Շերիֆի» հետ անցկացրած 10 հանդիպումներում հայկական 4 ակումբներին չի հաջողվել գեթ մեկ հաղթանակ տանել՝ 3 խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, կրելով 7 պարտություն, խփելով ընդամենը մեկ գոլ, սեփական դարպասը բաց թողնելով 11 գնդակ:

7. Բացի «Շերիֆից», եվրագավաթներում հայկական թիմերը մրցել են նաև մոլդովական «Տիրասպոլի» հետ ու կրկին՝ անհաջող: 2004-05թթ. ՈւԵՖԱ-ի գավաթում «Շիրակը» պարտվել է երկու խաղերում էլ (1-2, 0-2): «Միկան» էլ 2008-09թթ. Ինտերտոտոյի գավաթում պայքարից դուրս է մնացել սեփական դաշտում բաց թողած 2 գոլերի պատճառով (2-2, 0-0):

Այսպիսով, մոլդովական երկու թիմերի հետ անցկացրած 14 հանդիպումներում հայկական ակումբները հաղթանակ չեն տարել, 5 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 9 պարտություն, խփել են ընդամենը 4 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 17 գնդակ:


8. «Փյունիկը» եվրագավաթներում 68-րդ խաղն անցկացրեց՝ գրանցելով 16-րդ ոչ-ոքին: Մնացած հանդիպումներից 18-ում փյունիկցիները հաղթել են, 34-ում պարտվել են, խփել են 63 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 117 գնդակ:

Եվրոպա լիգայի մրցաշարերում «Փյունիկը» 28-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 9-ում փյունիկցիները հաղթել են, 7-ն ավարտել են ոչ-ոքի, կրել են 12 պարտություն, խփել են 27 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 49 գնդակ:

9. Դավիթ Յուրչենկոն եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում անձնական ռեկորդ սահմանեց՝ 223 րոպե շարունակ դարպասն անառիկ պահելով: Վերջին գոլը նա բաց է թողել օգոստոսի 3-ին Բելգրադում «Ցրվենա Զվեզդայի» հետ կայացած հանդիպման 77-րդ րոպեին: Յուրչենկոյի դարպասը գրավել է Ստեֆան Միտրովիչը: Նախկին լավագույն ցուցանիշը (202 րոպե) Յուրչենկոն գրանցել էր «Ալաշկերտում» Չեմպիոնների լիգայի 2021-22թթ. խաղարկությունում: 

36-ամյա փորձառու դարպասապահը լավ հնարավորություն ունի գերազանցելու նախկին փյունիկցի Անդրիա Դրագոևիչի ռեկորդային ցուցանիշը։ Դրագոևիչին հաջողվել է 2018-19թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում 279 րոպե շարունակ դարպասն անառիկ պահել:

Եվրագավաթների մրցաշարերում Յուրչենկոն 4-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Անցկացրած 11 հանդիպումներում նա 16  գոլ է բաց թողել (միջինը մեկ խաղում՝ 1,4 գոլ):


10. Ալեքսանդր Միլկովիչն ու Բորիս Վարգան եվրագավաթներում նորամուտը նշեցին «Փյունիկում»: Եվրագավաթների ընթացիկ խաղարկության 8 հանդիպումներում Եղիշե Մելիքյանն ասպարեզ է դուրս բերել 25 ֆուտբոլիստների, որոնցից 7-ը՝ Միխայիլ Կովալենկոն, Ժունինյոն, Եվգենի Կոչուկը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Ալեքսանդր Գոնսալեսն ու Յուսուֆ Օտուբանջոն, մասնակցել են բոլոր խաղերին: Ընդ որում՝ Արտակ Դաշյանը խաղացել է առանց փոխարինման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ