
Ավարտվեց Հայաստանի գավաթի 26-րդ խաղարկությունը, որը հաղթական էր Գյումրիի «Շիրակի» համար: Եզրափակչի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստերի տեսքով:
1. 2016/17թթ. Հայաստանի գավաթի 26-րդ խաղարկության հաղթողին որոշելու համար ընդհանուր առմամբ անցկացվեց 10 խաղ, որից 2-ում հաղթեցին դաշտի տերերը, 6-ում հաջողությունն ուղեկցեց հյուրերին, 2-ում գրանցվեց ոչ-ոքի:
Կայացած 10 հանդիպումներում խփվեց 18 գոլ: Միջին արդյունավետությունը կազմում է 1,8 գոլ: Համեմատության համար նշենք, որ նախորդ խաղարկության 13 հանդիպումներում խփվել էր 26 գնդակ, միջինը մեկ խաղում՝ 2 գոլ:
2. 7-րդ անգամ հանդես գալով Հայաստանի գավաթի եզրափակչում, «Շիրակը» 2-րդ անգամ (նախկինում՝ 2012թ.) նվաճեց պատվավոր մրցանակը: 4 տարի անց «Շիրակը» վստահ ռևանշի հասավ «Փյունիկից» գավաթի եզրափակչում կրած պարտության դիմաց: Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 7-ին մրցակիցների միջև կայացած եզրափակչի ելքը վճռել էր 38-րդ րոպեին փյունիկցի Տարոն Ոսկանյանի խփած միակ գոլը:
3. 12-րդ անգամ հանդես գալով Հայաստանի գավաթի եզրափակչում, «Փյունիկը» 4-րդ անգամ (նախկինում՝ 1992, 1997, 2006թթ.) խաղադաշտից հեռացավ առանց մրցանակի: Վերջին 5 մրցաշրջաններում փյունիկցիները 4-րդ անգամ վիճարկեցին գավաթը և առաջին անգամ եզրափակչում պարտվեցին: 2013-2015թթ. կայացած նախորդ 3 եզրափակիչ հանդիպումներում փյունիկցիները հաջորդաբար հաղթել էին «Շիրակին» (1:0), «Գանձասարին» (2:1) և «Միկային» (3:1):
Իսկ ընդհանրապես «Փյունիկի» համար շատ հաջող էին դասավորվել նախորդ 6 եզրափակիչները, որոնց ավարտից հետո թիմի ֆուտբոլիստները գավաթով պատվո շրջան էին կատարել մարզադաշտում: Վերջին անգամ «Փյունիկը» եզրափակչում անհաջողության էր մատնվել 2006թ.՝ 0:1 հաշվով զիջելով «Միկային»:
5. Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Փյունիկն» առաջին պարտությունը կրեց և առաջին անգամ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: «Փյունիկը» կրկնեց գավաթի մրցաշարերում ամենախոշոր հաշվով կրած պարտության իր ռեկորդը: Նախկինում փյունիկցիները 2008թ. գավաթի կիսաեզրափակչում 0:3 հաշվով պարտվել էին «Արարատին»:

6. «Շիրակը» գավաթի մրցախաղերում 6-րդ հաղթանակը տոնեց «Փյունիկի» նկատմամբ, որին զիջել էր 5 խաղում, մեկ հանդիպում էլ ավարտվել էր ոչ-ոքի: Խփած գնդակների քանակով (12) «Շիրակը» հավասարվեց «Փյունիկին»: Մրցակիցների գավաթային մրցավեճում 3-րդ անգամ գրանցվեց խոշոր հաշիվ: 1992թ. կիսաեզրափակչում և 2014/15թթ. քառորդ եզրափակչում փյունիկցիները հաղթել էին 3:0 հաշվով:
7. Առաջին անգամ գավաթի եզրափակչում գրանցվեց 3:0 հաշիվ: ՀՀ գավաթի խաղարկությունների 26-ամյա պատմության ընթացքում 3-րդ անգամ եզրափակչում գավաթակիրը մրցակցին պարտության մատնեց խոշոր հաշվով: Նախկինում գավաթի վճռորոշ խաղում խոշոր հաշիվ գրանցվել էր 2010թ. «Փյունիկ» – «Բանանց» (4:0) և 2011թ. «Միկա» – «Շիրակ» (4:1) մրցախաղերում:
Ընդհանուր առմամբ գավաթի վճռորոշ հանդիպումներում գրանցվել է խաղի հաշվի 11 տարբերակ: Առավել հաճախ` 7 անգամ եզրափակիչ հանդիպումներն ավարտվել են 1:0 հաշվով: Միայն 2004թ. գավաթի եզրափակչում «Փյունիկի» ու «Բանանցի» մրցավեճում են դարպասներն անառիկ մնացել, իսկ գավաթակիրը որոշվել է 11մ հարվածաշարով: ՀՀ գավաթի 26 մրցաշարերի եզրափակիչ հանդիպումներում ընդհանուր առմամբ խփվել է 70 գոլ` միջինը մեկ խաղում` 2,69 գնդակ:
7. Կիրիան Նվաբուեզեն և Վահան Բիչախչյանը բացեցին գոլերի հաշիվը ՀՀ գավաթի մրցաշարերում: Նվաբուեզեն նախկին փյունիկցի Կամո Հովհաննիսյանի հետ 2 գնդակով ճանաչվեց գավաթի 26-րդ խաղարկության լավագույն ռմբարկու: Գավաթի մեկ խաղարկությունում խփած գոլերով ռեկորդակիրներն են Արման Քարամյանը (2002թ., «Փյունիկ»), Արամ Ոսկանյանը (2003թ., «Միկա») և Սեմյոն Մուրադյանը (2007թ., «Բանանց»)` 9-ական գնդակ:
Նվաբուեզեն դարձավ գավաթի եզրափակիչ հանդիպումներում դուբլ ձևակերպած 8-րդ ֆուտբոլիստն ու առաջին լեգեոնականը: Նախկինում գավաթի վճռորոշ հանդիպումներում դուբլի հեղինակ են դարձել Արմեն Շահգելդյանը («Արարատ», 1993թ.), Կարեն Բարսեղյանը («Կոտայք», 1995թ.), Հայկ Հակոբյանը («Ցեմենտ», 1999թ.), Սեմյոն Մուրադյանը («Բանանց», 2007թ.), Գևորգ Ղազարյանը («Փյունիկ», 2010թ.), Նարեկ Բեգլարյանը («Միկա», 2011թ.) և Ռազմիկ Հակոբյանը («Փյունիկ», 2014/15թթ.):
Ընդհանուր առմամբ գավաթի վճռորոշ խաղերում գոլերի հեղինակ են դարձել այլազգի 11 ֆուտբոլիստներ: Նրանցից առավել արդյունավետ է գործել բրազիլացի Մարկոսը՝ խփելով 3 գնդակ: Նա մեկական անգամ աչքի է ընկել 2007, 2008 և 2010թթ. եզրափակիչ հանդիպումներում: Մարկոսն Արմեն Շահգելդյանի, Համլետ Մխիթարյանի, Կարեն Բարսեղյանի և Նարեկ Բեգլարյանի հետ 3-ական գնդակով գավաթի եզրափակիչ հանդիպումների լավագույն ռմբարկուն է:
8. Արման Հովհաննիսյանը, Ղուկաս Պողոսյանը և Վիուլեն Այվազյանը դարձան եռակի գավաթակիրներ՝ առաջին անգամ պատվավոր մրցանակի նվաճման բերկրանքը վայելելով շիրակցիների կազմում: Հետաքրքիր է, որ 2012թ. «Շիրակում» գավաթակրի կոչմանն արժանացած ֆուտբոլիստներից թիմում մնացել է միայն փորձառու Գևորգ Հովհաննիսյանը, ով երկրորդ անգամ պատվո շրջան կատարեց:
9. Վահան Բիչախչյանը Հայաստանի գավաթը նվաճած ամենաերիտասարդ 4-րդ ֆուտբոլիստն է: Եզրափակչի օրը նա 17 տարեկան 319 օրական էր: Հայաստանի ամենաերիտասարդ գավաթակիրներն են նախկին փյունիկցիներ Ժորա Հովհաննիսյանը (15 տարեկան 41 օրական) և Էդգար Մանուչարյանը (15 տարեկան 128 օրական), որոնք գավաթով պատվո շրջան են կատարել 2002թ. «Զվարթնոցի» նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո: Անցյալ տարի «Բանանցի» կազմում Էդգար Մովսիսյանը գավաթակիր էր դարձել 17 տարեկան 238 օրականում:
10. Գևորգ Հովհաննիսյանը 20-րդ ավագն էր, ով ֆեդերացիայի նախագահից ստացավ գավաթը: Առավել հաճախ` 4 անգամ (1993-1996թթ.) որպես թիմի ավագ գավաթը հանձնվել է Արամայիս Տոնոյանին: «Շիրակի» ավագը գավաթի 26-րդ խաղարկության եզրափակչի ամենատարեց մասնակիցն էր: Խաղի օրը նա 33 տարեկան 342 օրական էր:
Աշոտ Հայրապետյան

