Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու (260 գոլ), «Նյուքասլի» և «Բլեքբերնի» նախկին հարձակվող Ալան Շիրերը նշել է, թե «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում ով պետք է փոխարինի Յուրգեն Կլոպին։
«Խոսքը «Լիվերպուլի» մասին է` աշխարհի ամենամեծ ակումբներից մեկի։ Մերսիսայդցիների հաջորդ մարզիչը պետք է հավատարիմ լինի ինքն իրեն։ Կարծում եմ, որ Խաբի Ալոնսոն կարող է ստանձնել այդ դերը։ Միևնույն ժամանակ, հուսով եմ, որ Ալոնսոյի և «Լիվերպուլի» մասին այս բոլոր շահարկումներն առաջիկա շաբաթներին չեն անդրադառնա Լևերկուզենի «Բայերի» արդյունքների վրա։ Դա շատ ցավոտ կլինի. չէ՞ որ Խաբին հսկայական աշխատանք է կատարում «Բայերի» ղեկին»,- Շիրերի խոսքը մեջբերում է լրագրող Դեյվ Օկոպի կայքը։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։ Գերմանացի մասնագետին փոխարինելու թեկնածուներից մեկը Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն է, որի գլխավորությամբ գերմանական ակումբն ընթացիկ մրցաշրջանում դեռևս անպարտելի է` 31 խաղում տանելով 27 հաղթանակ։
Լևերկուզենյան ակումբը գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրից հետո վաստակել է 55 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։


