Միլանի «Ինտերի» սլովակ պաշտպան Միլան Շկրինիարը հաստատել է, որ ՊՍԺ տեղափոխության վերաբերյալ համաձայնության է եկել ֆրանսիական ակումբի հետ:
27-ամյա ֆուտբոլիստը, որպես ազատ գործակալ, արդեն նախնական պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ՝ հունիսին տեղափոխվելու համար, սակայն փարիզյան ակումբը ցանկանում է պայմանավորվել իտալական ակումբի հետ, և տրանսֆերն ավարտին հասցնել այս տրանսֆերային պատուհանին:
«Այո՛, դա ճիշտ է: Ես պայմանագիր եմ կնքել ՊՍԺ-ի հետ: Սպասում եմ, թե ակումբները երբ կհասնեն համաձայնության»,- ասել է պաշտպանը Futbolsfz-ի հետ զրույցում:
Ֆրանսիացիները պատրաստ են 10 միլիոն եվրո վճարել «Ինտերին»՝ գործարքն անմիջապես իրականացնելու համար, սակայն իտալական ակումբին այդ թիվը չի գոհացրել, և նրանք պահանջում են նվազագույնը կրկնակին:
Ընթացիկ մրցաշրջանում Շկրինիարը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 խաղի, կատարել 1 արդյունավետ փոխանցում:


