
տուր
01 Հունվար 1970 - 12:08
- 
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը տպավորիչ հաղթանակի հասավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ: Խաղի հերոսը դարձավ Տիգրան Բարսեղյանը, որը գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը, այնուհետև գոլային փոխանցում կատարեց Խորեն Բայրամյանին: Տիգրանի և Հայաստանի հավաքականի խաղին մասին VNews.am-ը զրուցեց Բարսեղյանի հոր, Հայաստանի Մ-19 հավաքականի, «Ուրարտուի» և «Գանձասար-Կապանի» նախկին գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի հետ:
Ինչի՞ շնորհիվ հաջողվեց հաղթել իսլանդացիներին:
Խաղային կարգապահությունը շատ լավն էր, հստակ երևում էր, որ մարզչից առաջադրանք են ստացել և ձգտում են այն կատարել: Մեր թիմը կոմպակտ էր խաղում, շատ լավ ուսումնասիրել էր մրցակցին, որը բարձրից փոխանցումներով էր գործում: Պետք է գովեստի խոսքեր ասեմ մեր պաշտպանությանը, առաջին հերթին Հարոյանին: Կենտրոնական պաշտպանը պետք է կառավարի խաղը և դա Վարազդատը շատ լավ կատարեց:
Մրցակցին տակտիկապես գերազանցեցի՞նք:
Հետխաղային ասուլիսի ժամանակ մարզչին հարց տվեցին, և ես համաձայն եմ, որ տպավորություն կար, թե մեր թիմն առաջին խաղակեսում գոլ բաց չթողնելու տակտիկա էր ընտրել, իսկ երկրորդում ծրագրել էր Բայրամյանի ու Կարապետյանի միջոցով ակտիվացնել խաղը: Բայց Կապառոսն ասաց, որ նման առաջադրանք չէր տվել: Հավաքականը թիմային ֆուտբոլ է խաղում, թիմը գտնում էր ազատ խաղացողի և նրա միջոցով զարգացնում գրոհը:
Թիմային մթնոլորտի փոփոխություն տեսնո՞ւմ եք:
Թիմում շատ լավ մթնոլորտ է, դա խաղադաշտում երևում է: Տղաներն էլ միմյանց հետ հիանալի հարաբերություններ ունեն: Այդ հարցում մեծ է նաև Կապառոսի դերը: Ծանր խաղերում հաղթանակներն ավելացրել է թիմի ինքնավստահությունը:

Տիգրանի ելույթն ինչպե՞ս կգնահատեք: Նրա լավագույն խաղերից մե՞կն էր:
Նա միշտ ավելացնելու տեղ ունի, ես բոլորից լավ եմ տեղյակ նրա որակներին: Այդուհանդերձ, առանց այդ էլ Տիգրանի արդյունավետությունը շատ բարձր էր: Նա որակներ ունի, որոնք Աստծուց են տրված: Առաջին հերթին՝ առանց թափավազքի անսպասելի հարվածները: Երկորրդ՝ Տիգրանը շատ սուր է խաղում: Երբ թվում է ելք չկա, նա սուր որոշում է կայացնում է, կրեատիվ է, դաշտը լավ է տեսնում: Չեմ գովում, որովհետև իմ որդին է, այլ նրա որակներն եմ նշում, որը բոլորն են տեսնում: Տիգրանը բարդ իրավիճակներում կարողանում է գնդակ պահել, ֆիզիկապես ուժեղ է և ինձ հատկապես դուր է գալիս, որ հավաքականի խաղերում աշխատանքի ծավալն է մեծացրել: Հավանաբար, դա մարզչի հրահանգն է: Տեսնում եմ, որ պաշտպանության ժամանակ հասցնում է փակել գոտիները:
Տիգրանը թեթև վնասվածքով էր եկել հավաքական, ինչպես նաև մասնակցեց Լիխտենշտեյնի ու Իսլանդիայի դեմ ամբողջ հանդիպումներին: Կկարողանա՞ վերականգնվել մինչև Ռումինիայի դեմ մրցավեճը:
Որքանով տեսա, ամբողջ թիմի մոտ որոշակի հոգնածություն կար: Երբ 3 օրը մեկ խաղ ես անցկացնում, ամենակարևորը վերականգնումն է: Տեսանք, որ նախախաղային մարզման ժամանակ ձյուն եկավ, նման պայմաններում մարզվելուց ոտքերիդ ծանրաբեռնվածությունը մեծանում է: Երրորդ խաղի համար նախապատրաստությունն էլ ավելի դժվար կլինի, ուստի մարզչական շտաբն ամենամեծ ուշադրությունը կդարձնի դրա վրա: Կարծում եմ՝ Տիգրանը կարող է արագ վերականգվել, որովհետև հիմա տեխնոլոգիաններն ու մեթոդները դա թույլ են տալիս: Նա պատրաստ կլինի խաղալ, քանզի Ռումինիայի դեմ նույնպես շատ կարևոր հանդիպում է սպասվում: Եթե այդ խաղում էլ երեք միավոր վաստակենք, հիասքանչ կլինի:
Հայաստանի հավաքականը նոր ուշագրավ ռեկորդներ սահմանեց Կապառոսի գլխավորությամբ
Արդեն խոսակցություններ կան, որ Մխիթարյանի բացակայությամբ՝ Տիգրանն է Հայաստանի հավաքականի առաջատարը: Նա հոգեբանորեն կարո՞ղ է նման պատասխանատվություն կրել:
Նախ նշեմ, որ Հենրիխն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է: Երբ Մխիթարյանը դաշտում է, բոլորս հանգիստ ենք լինում, որովհետև նա միշտ փայլել է: Չպետք է որևէ մեկի մոտ պատրանք լինի, թե այս խաղերում հաղթեցինք, ուրեմն պետք է առանց Հենո շարունակել: Իհարկե, առանց Հենրիխ հաղթեցին, ապրեն, բայց նա է մեր թիմի շարժիչ ուժը: Նա միայն ներկայությամբ արդեն երկու մրցակից իր վրա է վերցնում:

Շոյված եմ, որ Տիկոյի մասին նման կարծիք կա, նա կարող է հարց լուծել: Տիգրանն առաջատարի բնավորություն ունի, ինչը պետք է յուրաքանչյուրին: Բայց պետք է հավաքականի առաջատարների թվում նշվեն նաև Հարոյանը, Համբարձումյանը, Բայրամյանը և մյուսները: Առաջատարը պետք է իրեն դրսևորի ամենաբարդ իրավիճակում:
Դավիթ Յուրչենկոն 2 տպավորիչ ռեկորդով նշեց ծննդյան 35-ամյակը
Նման հաջող մեկնարկից հետո ի՞նչ հեռանկարներ ունի մեր հավաքականը:
Պետք է շարունակեն այսպես աշխատել: Թիմն արդեն խաղադաշտ են մտնում հաղթողի հոգեբանությամբ: Դա մեզ էլ է փոխանցվել, նրանցից պահանջը մեծացրել ենք: Մեր տղաների համար մրցակցի անունները վախ չեն ներշնչում, օրինակ՝ Տիգրանի մոտ մանկուց էլ այդպես է եղել: Խաղադաշտ պետք է մտնեն այն ֆուտբոլիստները, որոնք տրամադրված են միայն հաղթանակի: Կարծում եմ՝ մարզչական շտաբը թիմի հետ հենց նման աշխատանք է տանում:
Կարծում եմ, որ պետք է զարգացնենք այս հաջողությունը: Արդեն ժամանակն է եկել մտածել ոչ թե 1-2 հաղթանակով ուրախանալու, այլ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին: Մեր երիտասարդների նոր սերունդն էլ կնպաստի դրան:
Վերջում շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, հավաքականի մարզչական շտաբին, ֆուտբոլիստներին: Հայերիս համար այս հաղթանակն իսկական դարման է մեր հոգիներին՝ տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո: Այս հաղթանակները մեզ համար փյունիկ դարձան, որ նրանց շնորհիվ մոխիրից վերածնվենք: Բոլորին շնորհակալ եմ դրա համար:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
