Logo

Շրջանառության մեջ է դրվել հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հուշադրամը

12:02 / 26.06.2023Կինո
null

Հունիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ»«Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակ» և «Արարատ-73-ի ոսկե դուբլի 50-ամյակ» արծաթե հուշադրամները:

Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հուշադրամ

1910-ականներից ի վեր առանձին հայ անհատներ աշխարհի տարբեր երկրներում հայկական ֆիլմեր նկարահանելու փորձեր են արել։ 1923 թ. ապրիլի 16-ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը հիմնեց Պետկինոն (հետագայում՝ «Հայկինո», «Հայֆիլմ»)։ Այսպիսով սկիզբ դրվեց հայկական կինոարվեստի պատմությանը։ Հայրենական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը 1926 թ. նկարահանեց առաջին խաղարկային համր ֆիլմը՝ «Նամուսը», 1935 թ.՝ «Պեպոն»՝ առաջին հայկական հնչյունային կինոնկարը։ 1938 թ. Լև Ատամանովը «Շունն ու կատուն» ֆիլմով հիմնեց հայ անիմացիոն կինոն, 1954 թ. նկարահանվեց առաջին հայկական գունավոր կինոնկարը՝ «Լեռնային լճի գաղտնիքը»։

1950-60-ական թթ. էապես ակտիվացավ ֆիլմարտադրությունը. նկարահանվեցին բազմաթիվ հիշարժան ֆիլմեր՝ «Առաջին սիրո երգը» (ռեժիսորներ՝ Յուրի Երզնկյան և Լաերտ Վաղարշյան), «Ինչու է աղմկում գետը» (ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան), «Տժվժիկ» (ռեժիսոր՝ Արման Մանարյան), «Նվագախմբի տղաները» (ռեժիսորներ՝ Հենրիկ Մալյան և Հենրիկ Մարգարյան) և այլն, որտեղ իրենց վարպետությամբ փայլեցին Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Խորեն Աբրահամյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Արմեն Ջիգարխանյանը և ուրիշներ։ 

1965 թ. Կաննում առաջին անգամ փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ընդգրկվեց Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» ֆիլմը, իսկ 1966 թ. մրցութային ծրագրում ներկայացվեց Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը: 

1970-80-ական թթ. նկարահանվեցին բազմաթիվ խաղարկային, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։ Միջազգային ճանաչման արժանացան և համաշխարհային կինոարվեստում ուրույն ոճով առանձնացան Սերգեյ Փարաջանովը («Նռան գույնը»), որն իր յուրօրինակ աշխարհընկալմամբ համարվեց կինոյի նորարար, և Արտավազդ Փելեշյանն իր էպիկական ֆիլմերով՝ վիրտուոզ մոնտաժի կիրառմամբ արծարծեց ազգային ու համամարդկային թեմաներ։ Անիմացիոն ժանրում լայնորեն ճանաչվեցին Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերը:

1985 թ. Վենետիկի միջազգային կինոփառատոնում ներկայացվեց Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, որի կին գլխավոր դերակատար Գալյա Նովենցն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին:

Հայաստանի անկախության շրջանում հայկական կինոյի ընթացքը շարունակվեց որոշակի ելևէջներով։ Բացվեցին մասնավոր ստուդիաներ, և խոշորացան արտադրության ծավալները։ ՀՀ Կառավարության 2006 թ․հուլիսի 20-ի N 1110 որոշմամբ Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա ՊՈԱԿ-ը վերանվանվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի, որը կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություն է: Կինոկենտրոնը մեծապես աջակցում է հայկական կինոարվեստի արտադրությանը, տարածմանն ու զարգացմանը, իսկ ռեժիսորների նոր սերունդն աշխատում է ընդլայնել հայ կինոյի ստեղծագործական հորիզոնները՝ միաժամանակ պահպանելով լավագույն ավանդույթները։ 

Հայկական կինեմատոգրաֆի 100-ամյա պատմության ընթացքում ստեղծվել են ավելի քան 700 խաղարկային,  շուրջ 2500 վավերագրական, փաստավավերագրական ու մոտ 300 անիմացիոն ֆիլմեր։ 

Դիմերես՝ «Հայկինոյի» և «Հայֆիլմի» պատկերանիշերը:

Դարձերես՝ կինոժապավենի և կինոպրոյեկտորի ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակներ՝ Լուսինե Lալայան (դիմերես), Էդուարդ Կուրղինյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը        100 դրամ
Մետաղը/հարգը            արծաթ 9250
Քաշը                    28,28 գ
Չափը                    28,0 x 40,0
Որակը                    լավացված
Դրամաշուրթը                        հարթ
Թողարկման քանակը        250 հատ
Թողարկման տարեթիվը    2023

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ