Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն ազգային թիմի անհաջող ելույթների համար մեղադրել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
«Երբ Գվարդիոլան գլխավորեց «Բավարիան», բոլորը սկսեցին մտածել, որ մենք պետք է կարճ փոխանցումներով խաղանք: Հետո մենք կորցրինք մեր արժեքները։
Կարծում եմ՝ բոլորը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներին նայում էին որպես մարտիկների, որոնք կարող են պայքարել մինչև վերջ: Այդ կամային որակները կորցրեցինք 7-8 տարվա ընթացքում: Մենք մոռացանք այդ մասին և ավելի շատ կենտրոնացանք այն բանի վրա, թե ինչպես պետք է գեղեցիկ խաղալ գնդակով»,- ԱԱ-2014-ի չեմպիոնի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը 2014 թվականին Բրազիլիայում կայացած Մունդիալում չեմպիոն դառնալուց հետո հաջորդ երկու աշխարհի առաջնություններում չէր կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը:
Գվարդիոլան «Բավարիայում» աշխատել էր 2013-2016 թվականներին: Շվայնշտայգերը Գերմանիայի չեմպիոնի գույները պաշտպանել էր 2002-2015 թվականներին, մարզական կարիերան ավարտել էր 2020 թվականին:


