Logo

Շողշողացող տխրության գույները… [էսսե]

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 07.10.2019Գրադարան
Անսահման կարեկցանքի լույսը - Շողշողացող տխրության գույները... [էսսե]

Երբ փոքր էի, մայրս մի օր պատմեց Մինասի մասին… Շատ բան չեմ հիշում նրա պատմածից, որովհետև միակ բանը, որ տպավորեց ինձ այդ տարիքում Մինասի արվեստանոցի հրդեհն էր ու նրա առեղծվածային մահը:

Հիմա մեծացել եմ, և  արդեն մահվան ու կրակի առանցքից չեմ նայում Մինասին…

Դուք երբևէ՞ զսպել եք ձեր հուզմունքը, լացը ինչ-որ արտասովոր, աստվածային տեսարանի առաջ, երբևէ՞ զգացել եք Աստծո ներկայությունը, շունչը` ուղիղ ձեր կողքին: Քար կտրած սառույցի հալվող արձանի պես կանգնե՞լ եք ապրեցնող գույների առաջ: Կարողացե՞լ եք կարեկցանքով նայել կարեկցանքին…

Մինաս Ավետիսյան Ջաջուռ 960x720 - Շողշողացող տխրության գույները... [էսսե]
Ջաջուռ

Ազգային պատկերասրահի 3-րդ հարկում ես մոլորվել էի գույների մեջ` երջանկության դողով համակված, խառնված գույների մեջ… Գույներ, որոնք շաղախված  ու հունցված են արևից, հույսից ու կարեկցանքից:

Մարդն ինչքան պիտի սիրի իր հայրենիքը, ծննդավայրն, որ առօրյա ճղճիմությունը մաքրելով՝ կարողանա այսպիսի քնքշանքով նկարել, ԳՐԵԼ: Ես պատկերասրահում չէի, այլ՝ գույների աշխարհում, որտեղ ձեռքերով քաղած լույսեր կան, ծաղիկների շշուկներ, օդում կախված լռություն, քամու շունչ, փայփայած ու գուրգուրած հող, ցորենի ճառագայթող հատիկներ…

Ինչքա՜ն լուսավոր թախիծ կա խնոցի հարող կնոջ խոնար հայացքում, ինչքա՜ն հեզություն կա քամուց ճկված ծառերի մեջ: Ամեն կտավի պատուհանից անդին կյանք կա` անձրև, ձյուն, տերևաթափ, հույս, սպասում…

Խնոցի են հարում Մինաս Ավետիսյան e1570293327875 - Շողշողացող տխրության գույները... [էսսե]
Խնոցի են հարում

Իսկ տանը տաք է, լուսավոր: Համեստ կահավորված սենյակում` լուսամուտի մոտ դու պարուրված ես ամենասիրելի մարդու ջերմությամբ, սպասելու ջերմությամբ` հոգ չէ, որ նա այս պահին կողքիդ չէ, լուսամուտագոգը մոտեցնում է սահմանները, լուսամուտագոգը քո միակ ապահով ու տան ջերմ անկյունն է, որտեղ դու թույլ ես տալիս քեզ  լինել թույլ, լռել, բայց լինել հասկացված, սիրել ու լինել սիրված…

Սպասում, քաղցր սպասում…

«Աղջիկը» Մինաս Ավետիսյան - Շողշողացող տխրության գույները... [էսսե]
«Աղջիկը»

Գիտես, վարպետ դու չես մահացել (կնեսրես որ ԴՈՒ-ով եմ դիմում), որովհետև քո նկարներում ԱՊՐՈՂ փոքրիկ ԿՅԱՆՔ կա: Դու հավերժ ես, որովհետև հենց քո կտավներով, գույներով, արևի առատ կաթիլներով` այդ կանաչ- կարմիր կյանքով արդեն իսկ կանխել ես մահդ:

Դու ԱՆՄԱՀ ես, որովհետև տվել ես արդեն քո խնդության ու անսահման կարեկցանքի լույսը…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ