«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է «Միլանի» դեմ Իտալիայի առաջնության 21-րդ տուրի հաղթական խաղը:
«Ես գովեցի թիմին, տղաները խաղացին հավաքված, նպատակասլաց և ուշադիր։ Մենք գերիշխում էինք, հաղթեցինք երկրորդ դերբիում 20 օրվա ընթացքում։ Այդ հաղթանակներից մեկը մեզ գավաթ պարգևեց՝ մեծ բավականություն, որը ցանկանում էինք կիսել մեր երկրպագուների հետ:
Մենք չպետք է նայենք առաջ կամ հետ, առաջին հերթին պետք է նայենք մեզ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Pazzidifanta-ն։
«Ինտերը» միլանյան դերբիում արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ հաղթել էր 1-0 հաշվով:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Ինձագիի գլխավորած թիմը Սաուդյան Արաբիայում Իտալիայի Սուպերգավաթի համար պայքարում 3-0 հաշվով ուժեղ էր գտնվել երկրի գործող չեմպիոն «Միլանին»:
«Ինտերը» 21 խաղից հետո 43 միավորով երկրորդն է Ա Սերիայում և 13 միավոր է զիջում առաջատար «Նապոլիին»: «Միլանը» նույնքան հանդիպումից հետո 38 միավորով 6-րդն է:


