Logo

«Սիրահար զույգը». Ինչո՞ւ անհատական մրցանակներն ու ֆուտբոլը չեն կարող ապրել առանց իրար

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 12.12.2017Հայկական ֆուտբոլ
Месси - «Սիրահար զույգը». Ինչո՞ւ անհատական մրցանակներն ու ֆուտբոլը չեն կարող ապրել առանց իրար

«Ֆուտբոլը թիմային սպորտաձև է», «Խաղի ելքը որոշում է ոչ թե 1 ֆուտբոլիստ, այլ ամբողջ թիմը»… Մենք ամեն քայլափոխի հանդիպում ենք այսպիսի արտահայտություններ: Չհամաձայնել սրանց հետ, իհարկե, սխալ է: Սակայն միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ ակումբը, թիմը, հավաքականն ու առհասարակ ֆուտբոլը մասսայականացնում են ու սիրելի են դարձնում են անհատները, իսկ առանձին դեպքերում՝ անհատը: Հայաստանում դա առավել լավ է արտացոլվում, քանի որ հենց Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ մեր երկրում սերը դեպի ֆուտբոլը աճեց մի քանի անգամ:

«Ֆուտբոլի մոլախոտը». Ինչո՞ւ պետք է իսպառ վերացնել անհատական մրցանակները

1. Ֆուտբոլում անհատական մրցանակը խաղացողների լավագույն մոտիվացիան է

«Ֆուտբոլը թիմային մարզաձև է» արտահայտությունը բացարձակապես չի արգելում կազմակերպություններին անհատական մրցանակների սահմանել ու հանձնել: Նույն բանը կարելի է ասել նաև սպորտից դուրս մյուս ոլորտների մասին: Այո, կան դժգոհություններ, երբ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ դերասաններից/դերասանուհիներից մեկը պարգևատրվում է բոլորիս շատ հայտնի արձանիկով: Չէ՞ որ ամբողջ ֆիլմի վրա աշխատում է հսկայական անձնակազմ, իսկ գլխավոր դերերը մեկի փոխարեն մի քանիսն են: «Կանաչ մղոն» ֆիլմում հավասարազոր ֆանտաստիկ են իրենց դերերը տանում Թոմ Հենքսն ու երջանկահիշատակ Մայքլ Կլարկ Դունկանը: Բայց մրցանակը տրվում է նրանցից մեկին: Հետո՞ ինչ: Դրանով մեկի մեծությունը մյուսի հանդեպ չի հաստատվում չէ՞: Ֆուտբոլում ևս նույն պատկերն է՝ անհատական մրցանակը խաղացողների լավագույն մոտիվացիան է: Ասում են, որ, մրցանակները ստանում են միայն գոլ խփողները: Սուտ: «Լեսթերի» չեմպիոնության տարում թիմի լավագույն ֆուտբոլիստի կոչումը ստացավ Նգուլո Կանտեն: Եվրոպա լիգայի նախորդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը նվաճեց Պոլ Պոգբան: Կարելի է թվել անվերջ:

Ronaldo gollden - «Սիրահար զույգը». Ինչո՞ւ անհատական մրցանակներն ու ֆուտբոլը չեն կարող ապրել առանց իրար

2. Առանցքային ու անփոխարինելի ներդրում ունեցողները պարտադիր պիտի պարգևատրվեն

Նախորդ տասնամյակում, իհարկե, թիմերն ավելի շատ էին շեշտը դնում մեկ առանցքային խաղացողի վրա: Ժամանակին «Ռեալն» իր խաղն ու կյանքը չէր պատկերացնում առանց Ռաուլի, «Ֆիորենտինան» առանց Բատիստուտայի 0 էր, «Լիվերպուլն» էլ Օուենի բացակայությամբ լրիվ միջակ թիմ էր: Ժամանակի ընթացքում ֆուտբոլը, զարգացավ, մասնագետները խաղը սկսեցին կառուցել մի քանի խաղացողի շուրջ, որ առանցքայիններից մեկի կորուստը չզգացվի: Բայց միևնույնն է՝ «Բարսան» առանց Մեսիի այլ թիմ է, «Ռեալն» առանց Ռոնալդուի բացարձակ այլ խաղ է ցույց տալիս: Նրանց՝ երկար ժամանակով դուրս մնալու դեպքում Չեմպիոնների Լիգայում, օրինակ, ՊՍԺ-ի հետ մրցակցելն անիմաստ կլինի: Ներքին առաջնությունում «Բետիսներին» ու Խիխոնի «Սպորտինգին» կարելի է հաղթել բարձր կարգի շնորհիվ, բայց ոչ ավելին: Ուստի նրանց դերը թիմի կյանքում ու խաղում մեղմ ասած, մեծ է: Միայն դրա համար նրանց անհատական մրցանակ շնորհելը բացարձակ անհրաժեշտություն է: 2005-ին «Լիվերպուլը» շրջեց «Միլանի» հետ խաղը, բայց ամեն ինչ սկսեց ու տարավ իր հետևից Սթիվեն Ջերարդը: Այլ հարց է, թե ինչու նա չստացավ «Ոսկե գնդակը»:

Momani - «Սիրահար զույգը». Ինչո՞ւ անհատական մրցանակներն ու ֆուտբոլը չեն կարող ապրել առանց իրար

3. Մարկետինգ ու գովազդ, խելահեղ եկամուտներ ու բոնուսներ

Յուրաքանչյուր կազմակերպություն ինչ-որ անհատական մրցանակ սահմանելուց մտածում է ճիշտ գովազդի, եկամուտների մասին: Նույն France Football ընկերությունը, որի խմբագրությունում աշխատում է 10 հոգի, գոյատևում է հենց այդ մրցանակի շնորհիվ: Շահույթի տեսանկյունից այն հսկայական գումարներ է բերում ակումբներին ու ֆուտբոլիստներին, ովքեր մասնակցում են մրցանակաբաշխությանը: Պետք չէ մոռանալ, որ բուն «Ոսկե գնդակի» նվաճումը հաստացնում է և ստացող ֆուտբոլիստի, այլև թիմի դրամապանակը մի քանի միլիոն եվրոյով: Բազում ֆուտբոլիստներ, այդ թվում Նեյմարը, Մբապեն ու Մարսիալը, իրենց պայմանագրերում ունեն պարգևավճարների մասին բազում կետեր:

Neymar and bpappe - «Սիրահար զույգը». Ինչո՞ւ անհատական մրցանակներն ու ֆուտբոլը չեն կարող ապրել առանց իրար

Հ.Գ. Ցանկացած պարագայում, երբ մրցանակը հանձնվում է դրա համար պայքարող 2 մասնակիցներից մեկին, լինելու են դժգոհություններ: Եվ դա սովորական երևույթ է, քանի որ նման պարագայում միշտ էլ ի հայտ է գալիս սուբյեկտիվության գործոնը, ինչպես եղավ Ռաուլ-Օոուեն, Ռոնալդու-Ռիբերի և Մեսսի-Չավի/Ինյեստա մրցակցությունների դեպքում:

Ռոբերտ Գասպարյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ